![]()
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ առավոտյան այցելել է Նորայր Միրզոյանին: Վերջինս, ըստ ՄԻՊ-ի, կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ:
Արցախի ՄԻՊ-ը նաև գրել է.
«Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այնուհետև հանդիպել եմ նաև Ն.Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է:
Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ է:
Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնելէր, որ միջադեպ է տեղի ունեցել: Շուշի քաղաքի անցակետի մոտ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։
![]()