![]()
Կողմնակի ազդեցությունները պատվաստումից հետո, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո, մեծապես կախված են բացասական ակնկալիքներից:
Նման եզրահանգման են եկել գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychotherapy and Psychosomatics ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դեղերից կողմնակի բարդությունների ռիսկն աճում է, եթե մարդը վախենում է և սպասում է նախապես բացասական հետևանքների։
«Մենք գիտենք, որ կողմնակի ազդեցությունների քանակը կախված է տարիքից, սեռից և պատվաստանյութի տեսակից։ Բայց հիմա նաև տեսնում ենք, որ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ մարդկանց սպասելիքներն ինքնին նպաստում են կոնկրետ մարդու մոտ դրանց առաջացմանը», – պատմել է Օրհուսի համալսարանի պրոֆեսոր Լենե Վասեն: Նրա խոսքով՝ մասնակիցները, որոնք կողմնակի բարդություններ էին սպասում, ներարկումից հետո ավելի հաճախ են իրենց ավելի վատ զգացել:
Նման վարքագիծը կարող է բացատրվել նոցեբոյի էֆեկտով։ Նոցեբո է կոչվում ոմն մի բան, որը չունի իրական հենք, բայց որևէ բացասական ազդեցություն է ունենում մարդու վրա, նույնիսկ կարող է մահվան պատճառ դառնալ: Եթե պլացեբոյի դեպքում մարդու մոտ գործի է դրվում հույսի մեխանիզմը, լավատեսական տրամադրվածությունը, ապա նոցեբոյի պարագայում գործում է վախի գործոնը:
Օրինակ, եթե մարդը պատվաստումից հետո նախապես տրամադրված է ուժեղ ջերմության և տենդի, ապա նրա մոտ նման կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունը մեծանում է: Նոցեբոյի էֆեկտը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցը, գիտնականի խոսքով, պատվաստանյութերի և դեղերի հատկությունների մասին մարդկանց խելամիտ և բաց իրազեկումն է:
![]()