«Կապան-Գորիս ճանապարհն աշխատում է և այդտեղ անվտանգության խնդիր չունենք, ոչ մի գյուղ խնդիր չունի, ճանապարհներն էլ խորքից կառուցվում են»․ մարզպետ

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին, մարդկանց մոտ գերիշխող տրամադրություններին ու անվտանգության երաշխիքներին՝ կցկտուր պատասխաններ տվեց։

«Այս պահին տարբեր հատվածներում տարբեր ճանապարհներ են սարքվում։ Այժմ Տաթևից Լծենի գյուղի ճանապարհին ենք, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Սուրեն Պապիկյանի հետ հետևում ենք աշխատանքներին»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ստացվում է, որ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը շրջափակման մեջ են հայտնվում, որովհետև երկու կողմից սահմանակից են դառնում թշնամուն և նրա մաքսակետերին, Պողոսյանը հակադարձեց․

«Այս պահի դրությամբ ոչ մի գյուղ խնդիր չունի, ճանապարհներն էլ խորքից կառուցվում են։ Հակառակորդն ինչ ուզում է մենք պիտի տա՞նք, ես չեմ հասկանում, մեր ճանապարհը պետք է ունենանք չէ՞։ Հիմա դա ենք անում էլի։ Իրենք ճանապարհ են ուզում, որ գան Կապանով մտնեն գնան Նախիջևան, բայց մենք դրան համաձա՞յն ենք՝ չէ։ Դրա համար ճանապարհներ ենք կառուցում, որ մեր ճանապարհներն աշխատեն գյուղերի հետ»,- ասաց Սյունիքի մարզպետը։

Խոսելով ճանապարհների շահագործման, անվտանգության երաշխիքների և գերեվարության հնարավոր նոր դեպքեր ունենալու մտավախության մասին, մարզպետը փորձեց վստահեցնել, թե որևէ խնդիր չկա․

«Կապան-Գորիս ճանապարհն աշխատում է և այդտեղ անվտանգության խնդիր չունենք»,- նշեց Պողոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ