«Խավարից հետո կբացվի նոր լույս». Խորեն Լևոնյանը՝ «Հույս» ալբոմի մասին

«Կյանք կտա նորից հավատքով սնված Հայրենիքը մեր, ես ունեմ մեծ հույս». «Հույս» ալբոմում տեղ գտած երգերից մեկից է հատվածը: Ալբոմը դերասան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանի, Կապանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Աթայանի, դերասան Իշխան Ղարիբյանի համատեղ ստեղծագործական աշխատանքն է:

«Հայկական ժամանակը» Խորեն Լևոնյանի հետ զրուցել է ալբոմի ստեղծման և դրանում տեղ գտած երգերի մասին:

— Խորեն, ինչպե՞ս ստեղծվեցին երգերն ու ինչպե՞ս առաջացավ ալբոմ ստեղծելու գաղափարը:

— Ալբոմը ստեղծվել է պատերազմի ժամանակ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Այն ծնվել է մեր զգացողություններից, և որոշեցինք երգերը հանրայնացնել, որովհետև մեծ էներգիա ու ասելիք կա մեր երգերում: Դրանք մարդկանց ուղղություն ցույց կտան, կօգնեն նրանց ելք գտնել տարբեր իրավիճակներից: Նաև դաստիարակչական բաներ կան սերունդների համար. մեր արածն ու ապրածն է, որ նրանց համար օգտակար կլինի: Խոսքերի հեղինակը մեծ մասամբ Տիգրան Աթայանն ու Իշխան Ղարիբյանն են. իմ ներդրումը փոքր է: Ես այդ ամենը հավաքել ու կյանքի եմ կոչել:

— Թողարկման աշխատանքները որքա՞ն են տևել:

— 7-9 ամսվա ընթացքում է ստեղծվել այն: Սկզբում միտք չկար սա ալբոմ դարձնելու, բայց պատերազմի ընթացքը, ավարտը ու մարդկանց հոգեվիճակն ինձ ստիպեցին անել դա, և ես պետք է սա անեի: Սա իմ պատկերացրած հայի տեսակի մասին է. ո՛չ նախկին, ո՛չ ներկա, այլ հնարավոր է՝ ապագա: Ալբոմն ասես ֆիլմ լինի. ունի սկիզբ և ավարտ: Այսինքն՝ երգերը առանձին լսելիս գուցե մարդիկ չհասկանան՝ ինչ գաղափար ունեն դրանք ու ինչ են ուզում ասել մարդկանց: Առաջին երգը սկսվում է 1992 թվականից, երբ առաջին անգամ Արցախյան պատերազմը սկսվեց՝ մինչև 44-օրյա պատերազմը:

— Ի՞նչ ասելիք ունեն դրանք:

— Ալբոմում բոլոր երգերն ասելիք ունեն: Օրինակ՝ «Հույս» երգի ամեն նախադասությունն իր ասելիքն ունի: «Պայքար» երգի մեջ Մովսես Գորգիսյանի խոսքն է՝ «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար»: «Հայրենիքիս» երգի մեջ լսվում են Վազգեն Սարգսյանի մտքերը՝ «Հայրենիքը» որբի գլուխ չէ, որ երբ ուզեք, խուզեք»: Այսինքն՝ մենք, նորը ստեղծելով, հիմնվել ենք հնի վրա:

— Ինչու՞ անվանեցիք այն հենց «Հույս»:

— Քանի որ գլխավոր երգը «Հույսն» է, որոշեցինք՝ մենք դեռ ունենք հույս ու հույս ենք ուզում փոխանցել մարդկանց, և այդ հույսը երբեք չի մեռնի: Մենք պետք է ապրենք հույսով: Ամեն ինչ լավ է լինելու, ինչպես «Պայքար» և «Հույս» երգերի մեջ է ասվում՝ «Կբացվեն նորից նոր ծնունդ, նոր լույս, նոր վստահ քայլեր, ես դեռ ունեմ հույս: Կյանք կտա նորից հայրենիքը մեր հավատքով սնված, ես դեռ ունեմ հույս»:

— Ալբոմը հոկտեմբերի 27-ին թողարկելը որևէ խորհուրդ ունե՞ր:

— Իրականում ալբոմը պետք է թողարկվեր ավելի շուտ, բայց ծանր աշխատանքներ էին պահանջում ձայնագրելը, ալբոմ հավաքելն ու թողարկելը: Եվ ստացվեց այնպես, որ այդ օրը եղավ ալբոմի թողարկումը: Ուրախ եմ, որ այդ օրը եղավ, որովհետև «Հույս» երգի մեջ ունենք Վազգեն Սարգսյանի նախադասությունը. գուցե կապ կա դրանց միջև:

— Նշեցիք, որ մարդկանց համար սա հույսի աղբյուր է. իսկ Ձեզ համար ի՞նչ է:

— Ինձ համար սա հույս է ու հույսի մեջ լույս է: Մեր ապրածը, մեր անցյալը վերաիմաստավորելու միջոց է: Ուղղվածությունը դեպի մեր ներկան ու ուղղված վերանայելու մեր ապագան: Մեր հոգու խոսքն է, միտքը, լավատեսությունն ու ցավը, տառապանքն է: Փորձել ենք երգերի տեքստերի մեջ ներկայացնել այդ ամենը, թե ինչպես կարող է պատերազմը փոխել մեզ, մենք ինչ դաս կարող ենք քաղել: Ինչպես կարող է որդին ծաղիկ չտանել իր մորը, այլ մայրը տանի ծաղիկ որդու շիրիմին:

— Ո՞ր երգն է Ձեզ համար առավել հոգեհարազատ: Երգերը ձայնագրելիս նորից վերապրո՞ւմ էիք պատերազմի արհավիրքը:

— Դժվար է մի բանը տեսնել ու նորից չվերապրել: Մենք լացակումած ինչ-որ բաներ ենք անում, բայց պետք է մեր հոգին բարձրացնենք, պետք է նայել ճշմարտության աչքերին և հասկանալ սխալները, դասեր քաղել, ելքեր գտնել ու գնալ նպատակների ետևից: Չեմ կարող առանձնացնել երգերը. 8-ն էլ ինձ համար շատ հոգեհարազատ են, բայց երևի փոքր-ինչ ավելի՝ «Հույս» երգն է:

— Ինչ եք կարծում՝ մարդիկ կընկալե՞ն այն, ինչ ցանկացել եք ալբոմի միջոցով փոխանցել նրանց:

— Ես կարծում եմ՝ դեռ մեր հայու գենի մեջ կան այն բջիջները, որոնք ունակ են ապրեցնելու ու պայքարի մղելու մարդուն: Ունակ են կյանք տալ ու անցյալը վերաիմաստավորելով՝ սխալներն ընդունել: Կարծում եմ՝ լսողներն իրենց երեխաներին այդ գաղափարներով պետք է դաստիարակեն, մնացածը ունկընդրի՝ տվյալ պահի հոգեկան վիճակից է կախված: Եղել են մարդիկ, որ երգերը լսելուց հետո կիսվել են ինձ հետ, օրինակ՝ մեկն ասաց՝ սա ինձ անդունդից հանեց:

— Այսպիսի գաղափարախոսությամբ երգերի բաց շա՞տ կա մեզ մոտ:

— Մեր կարծիքով՝ մեծ բաց կա այսպիսի երգերի: Ալբոմում տեղ գտած երգերն ավելի կյանքի ու իրական բաների մասին են: Հայկական երգարվեստում կան սիրած էակի մասին երգեր, լացակումած, դժբախտ երգեր, բայց չկան հայրենիքի սիրո, հայրենիքի պայքարի մասին երգեր. չէ՞ որ սերը դեպի հայրենիքը, զինվորը, հողը, եղբայրն արժեք ունեն և պետք է, որ դրանց վերաբերյալ նույնպես երգեր լինեն. դրանք արժանի են, որ երգվեն, խոսվեն: Մարդիկ պետք է այլընտրանք ունենան:

— Այսպիսի երգեր ապագայում և՞ս սպասվում են:

— Ես կարծում եմ՝ այս տեսակ գործունեությունս կշարունակեմ, որովհետև ուրիշ բան չեմ կարող անել ու ցանկություն չունեմ այլ բանով զբաղվել: Ինձ համար իմ երկիրն ու հայրենիքն են կարևոր, մարդկանց հոգեվիճակը: Ես գուցե փորձեմ շարունակել այս ամենը, կլինի դա ֆիլմ կամ կարճ սերիալ՝ պատերազմի, հայրենիքի մասին, որովհետև չեմ ուզում այլ բան անել կամ դիտել:

— Ի՞նչ կասեք հասարակությանը:

— Ինչպես իմ երգի մեջ է ասվում՝ խավարից հետո կբացվի նոր լույս, թեկուզ՝ աննշան, բայց ես ունեմ հույս:

Նյութի աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ