![]()
Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման բաժնի նախկին պետ Արթուր Բաբայանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն և հայտնել, որ երբ վարակված է եղել կորոնավիրուսով և ինքնամեկուսացել, իրեն ապօրինի ազատել են աշխատանքից:
Սեպտեմբերի 6-ից Բաբայանը գտնվել է վճարվող արձակուրդում՝ մինչեւ հոկտեմբերի 4-ը, սակայն հոկտեմբերի սկզբին Բաբայանի առողջական վիճակը վատացել է և բյուլետեն է ձեւակերպել մինչեւ հոկտեմբերի 9-ը:
«Բյուլետենի լրանալուց հետո թուղթը ձեռքիս գնացի աշխատանքի, ինչ տեսնեմ՝ իմ փոխարեն նոր բաժնի պետ է նշանակված, աշխատասենյակս, ծառայողական հեռախոսահամարս, համակարգիչս և իրերս տրամադրվել են նրան»,- պատմեց Բաբայանը:
Չնայած այդ ամենին՝ նա հոկտեմբերի 12-ից մինչեւ 20-ը շարունակել է իր աշխատանքը կատարել՝ այցելելով եւ հանձնարարականներ տալով վարչական շրջանների տարածքային տեղամասեր, բայց աշխատասենյակը զբաղեցված լինելու պատճառով աշխատանքի ադմինիստրատիվ մասը չի կարողացել կատարել:
Բաժնի նախկին պետը նշեց, որ այդ վիճակը տեսնելուց հետո դիմում է գրել՝ բացատրություն պահանջելով «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանից, որն էլ, ըստ էության, կատարել էր այդ փոփոխությունները: Բաբայանը հոկտեմբերի 15-ին դիմել է նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն այդպես էլ որեւէ պատասխան չի ստացել:
Հոկտեմբերի 20-ին նրա առողջական վիճակը նորից վատթարացել է. վարակվել է կորոնավիրուսով եւ ստիպված եղել կրկին բյուլետեն ձեւակերպել: Այդ ընթացքում էլ ծանուցում Է ստացել, որ հոկտեմբերի 22-ով ազատվել է աշխատանքից:
Բաբայանին տրված ծանուցման մեջ նրա ազատման հիմքը նշված է եղել աշխատանքից 1 օր անհարգելի բացակայությունը, սակայն այդ մեկ օրը ո՞ր օրվան է վերաբերում, աղբահանության նախկին աշխատակիցն ինքն էլ տեղյակ չէ:
Բաբայանի խոսքով՝ այս ամենն սկսվել է այն բանից հետո, երբ ինքը հիմնարկում խախտումներ է նկատել, դիմել Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչություն, հանդիպել ավագանու անդամներին եւ թաղապետներին, բարձրաձայնել խնդիրը: Դրանից հետո վերահսկողության եւ իրավապահ մարմինները լայնածավալ ստուգման գործողություններ են սկսել աղբահանության հիմնարկում:
Սեպտեմբերի 14-ին էլ վերահսկողության վարչությունը մտել է հիմնարկ՝ ստուգումներ կատարելու: Դրանից մի քանի օր անց Արմեն Գրիգորյանը ժողով է հրավիրել, հավաքել վարչական շրջանների տեղամասերի գծային պատասխանատուներին և հայտնել, որ Արթուր Բաբայանն այլեւս չի աշխատելու: «Նա հայտարարել է, որ չի կարողանում ինձ հետ աշխատել եւ պիտի ազատի: Ես այդ ժամանակ եղել եմ արձակուրդի մեջ»,- պատմեց Բաբայանը՝ հավելելով, որ այս ամենն արվել է՝ իրենից ազատվելու համար:
Բաբայանը «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման բաժնի պետն է եղել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ից: Նրա խոսքով, երբ նոր է աշխատանքի անցել, ամեն ինչ շատ թերի է եղել հիմնականում. «Հիմնարկում բանվորների հետ աշխատանքային պայմանագրեր կնքված չեն եղել, մեքենաների որեւիցե հստակ տեղաբաշխում չի եղել: Ամեն ինչ արել եմ օրենքի տառին համապատասխան: Այս 2-2.5 տարիների ընթացքում բոլորդ էլ տեսել եք հիմնարկի աշխատանքի արդյունքը»:
«Հայկական ժամանակի» այն հարցին՝ իրականում ի՞նչն է եղել բաժնի պետի՝ Արթուր Բաբայանի ազատման պատճառը, «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ղեկավար Արմեն Գրիգորյանը չցանկացավ պատասխանել: Գրիգորյանն անպատասխան թողեց նաեւ այն հարցը, թե Բաբայանի 1 օր անհարգելի բացակայությունը ո՞ր օրվա եւ ամսաթվի մասին է: Նա միայն շեշտեց՝ Բաբայանի աշխատանքից ազատումը հիմնավոր է: «ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղյակ է, իրենք էլ գործ են բացել: Կգան, ես ամեն ինչ փաստաթղթերով կտրամադրեմ նրանց, որից հետո պարզ կլինի»,- ասաց նա:
Ըստ Գրիգորյանի՝ տեսչականի հայտարարությունից հետո արդեն կլսենք Բաբայանի ազատման հիմնավորումը:
«Ես չեմ պատրաստվում բան ու գործ թողած՝ Արթուր Բաբայանի խոսքերը լսել եւ այսպիսի հզոր հիմնարկի աշխատանքը կասկածի տակ դնել: Մենք հիմա նախապատրաստվում ենք ձմեռվա ծրագրին: Չեմ տարվում Բաբայանով, հիմնարկն ունի 850 աշխատակից: Ես էլ լավ չաշխատեմ՝ կգնամ տուն»,- ասաց նա:
Անդրադառնալով բաժնի նորանշանակ վարիչին՝ Գրիգորյանն ասաց, որ նա Հրաչ Կատվալյանն է, հիմնարկի ստեղծման օրից աշխատել է այդ հիմնարկում եւ ամեն ինչ անգիր գիտի:
Դիտարկմանը՝ Բաբայանի պնդմամբ՝ իրեն ազատելու միտում է ունեցել, քանի որ իր պատճառով են իրավապահ մարմիններն աղբահանության հիմնարկում լայնածավալ ստուգումներ սկսել, հիմնարկի տնօրենն ասաց. «Նմանատիպ բան գոյություն չունի: Սա համայնքային հիմնարկ է, թափանցիկ, ցանկացած ժամանակահատվածում բոլորն էլ պիտի գան, ստուգեն»:
Ավելի վաղ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ ԿարապետյանՆ էլ գրառմամբ տեղեկացրել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ սեպտեմբերի 9-ին տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում: Ուսումնասիրության նյութերը հոկտեմբերի 29-ին փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար:
![]()