![]()
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Այդ մասին հայտնում է Պն պաշտոնական կայքը:
Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։
Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ամենակարևոր գրավականը ամուր և առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակ բանակն է:
Բարձր գնահատելով 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնելու գործում ներդրած ջանքերը՝ Արշակ Կարապետյանը պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:
![]()