![]()
Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի առթիվ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի, թեպետ մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր ազիմուտներում։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,- նշվում է փաստաթղթում:
ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է վստահ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում հաղորդումներն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»: «Նմանօրինակ հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ որևէ աղերս չունեն», — նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարությունում նշել են, որ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, չափազանց հարգալից են եղել Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։ «Մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնություն չի եղել, և դա նորմալ է: Փոխարենը, արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- ասվում է հայտարարության մեջ:
Տեսանյութը՝ Առաջին Լրատվականի
![]()