Նախ պետք է հասկանալ, թե Վահե Հակոբյանը ինչպես է դարձել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի սեփականատեր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) նախկին բաժնետեր ու տնօրենների խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը հայտարարել է, որ պետությունը պարզապես ռեկետի եղանակով է տիրացել կոմբինատի 15%-ին, որ Նիկոլ Փաշինյանը բաժնետերերին դրել է պրեսինգի տակ, ու մեծամասնությունը ստիպված գնաել է այդ քայլին:

«Ինձ հասած տեղեկատվության համաձայն՝ այդ 15%-ը միմիայն հայտարարված է բանավոր եղանակով, որևէ փաստաթղթային լուծում այդ հարցը չունի»,-ասել է նա՝ հավելելով, որ պետությունը որևէ կերպ չպետք է նմանատիպ հիմնարկներում մասնակցություն ունենա, որովհետև դա բերում է որոշ պրոբլեմների ու նեգատիվների:

Հիշեցնենք, որ GeoProMining Armenia-ն ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսը, և դրա 25 տոկոսը նվիրաբերել ՀՀ կառավարությանը:

Այս քայլը հակասական գնահատականների է արժանացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը նախ նկատեց, որ այդ ողջ գործընթացը եղել է ոչ թափանցիկ. «Դա մութ գործարք է, որը չի համապատասխանում ՀՀ որևէ իրավական փաստաթղթի: Ո՞վ է այդ ռուս միլիարդատերը, ինչո՞ւ նվիրեց, ի՞նչ քաղաքական շահի համար նվիրեց, ի՞նչ է թաքնված այդ նվերի տակ: Շատ հարցեր կան: Քիչ առաջ ընթերցում էի Հայաստանի դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, որի դրույթներից մեկն այն է, որ պետք է ստեղծվեր փաստահավաք հանձնաժողով, որը պետք է քններ հենց այսպիսի գործերը, ինչպես օրինակ ԶՊՄԿ-ի սեփականաշնորհման հետ կապված հարցերը: Ցավոք այդ հանձնաժողովն այդպես էլ չստեղծվեց, որի վերջնաժամկետը 2020-ի մարտն էր: Այդ հանձնաժողովը պետք է ճշգրտված տեղեկատվություն հավաքեր առ այն, թե ինչպես են կատարվել այդ սեփականաշնորհումները, և ըստ այդմ որոշումներ կայացվեին հետագա քայլերի համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այդ հանձնաժողովը պետք է քններ 1991-ից հետո եղած բոլոր գործերը:

Հատկանշական է, որ դրան զուգահեռ ապօրինի հարստացման մասին օրենքը տարածվում էր 2017-ից հետո եղած դեպքերի վրա: Սա ակնհայտորեն հետ քայլ է իշխանությունների կողմից իրենց տված խոստումներից»,-ասաց նա:

Արիստակեսյանն ընդգծեց, որ այս ընթացքում մի շարք կասկածելի գործընթացներ են տեղի ունեցել. «Տեսեք, Սերժ Սարգսյանի եղբայրը նվիրեց իր գույքը, Արմեն Ավետիսյանը նվիրեց իր գույքը, ռուս միլիարդատերը նվիրեց իր բաժնետոմսերը: Սրանք իրավական որևէ փաստաթղթով չնախատեսված գործառույթներ են, ամեն մի նվեր պետք է հասկանալ, թե ինչու է տրվում»:

Անդրադառնալով նրան, որ դեռ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Զանգեզուրի կոմբինատը ազգայնացնելու են, Արիստակեսյանը նշեց . «Այո, վարչապետը խոստացել է ժողովրդին, որ կոմբինատը պետք է ազգայնացվի, և դրա համար էլ ժողովուրդը սատարել է վարչապետին: Ցավոք այդ ազգայնացման գործընթացը չեղավ, դրա օրինական հիմքերը չբերվեցին: Պետք էր ամբողջ շղթան ներկայացվեր, թե ինչից, ինչ դրդապատճառներով սկսվեց կոմբինատի սեփականաշնորհումը և ինչ արդյունքի հասցրեց: Այո, այդ կոմբինատի սեփականաշնորհման հետ կապված շատ մուտ կետեր կան: Շատ ցածր գնով է այն սեփականաշնորհվել: Շրջանառվում են տարբեր վարկածներ, առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի, հետո նաև Վահե Հակոբյանի անունները: Թե չէ ո՞նց կարելի էր այն անձը, որը եղել է ԱԱԾ աշխատակից, ունենալ միջոցներ և մասնակցել սեփականաշնորհմանը: Ու հիմա նա խոսում է ռեկետի մասին: Նախ պետք է իմանալ, թե ոնց է նա դարձել բաժնետոմսերի սեփականատեր, հետո նոր խոսել ռեկետի մասին: Սա հիշեցնում է հայտնի խոսքը՝ գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ»:

Տնտեսագետը նկատեց, որ այս ամենը հնարավոր է դարձել այն պատճառով, որ այն մարդիկ, որոնք խոստացել էին կատարել ժողովրդի կամքը, պարզապես չեն կատարում. «Ու ինձ համար շատ մտահոգիչ է, թե ինչու է հենց Տիգրան Ավինյանը նշանակվում այդ կոմբինատի կառավարման խորհրդում որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ: Այստեղ պետք է նայել նաև Տիգրան Ավինյանի անցած ճանապարհը, որը շատ կասկածելի հատվածներ ունի: Հենց նա դարձավ փոխվարչապետ, իրենց ընտանեկան բիզնեսում հաջողություններ գրանցվեցին, Ամուլասարի խնդրահարուց հարցով քայլեր արվեցին, կանեփի արտադրության ծրագիրը ընդունվեց: Նոր իշխանությունների անցած ուղին պետք է լինի մաքուր, ոչ խարդախ, ազնիվ՝ ուղղված հանրային շահին, ոչ թե անձնական: Ես չգիտեմ, թե ինչու են այդ նվերը սիրահոժար ընդունել: Դա շատւ մեծ հարց է: Սա ավելի շատ նման է նեղ խմբակային շահերից բխող գործողությունների»,-ասաց նա:

Նյութի աղբյու՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ