Էջմիածնի 42-ամյա բնակիչը խարդախությամբ 30 հազարական դրամ է հափշտակել երեք դեղատների աշխատակցուհիներից

Աշտարակի բաժնի ոստիկանները պարզել են, որ Էջմիածնի 42-ամյա բնակիչը խարդախությամբ 30 հազարական դրամ է հափշտակել երեք դեղատների աշխատակցուհիներից։  Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց մի դեղատան աշխատակցուհուց: Նա հայտնեց, որ անհայտ անձը խաբեությամբ հափշտակել էր 30 հազար դրամ:

Աշտարակի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ պարզվեցին և՛ խարդախության մեխանիզմը, և՛ խարդախի ինքնությունը: էջմիածնի բնակիչ, 42-ամյա տղամարդը ծրար էր հանձնել դեղատան աշխատակցուհուն և հայտնել՝ իբր այն պետք է փոխանցել տեղական ինքնակառավարման մարմնում աշխատող մեկին: Համոզիչ լինելու համար նա կնոջը հայտնել էր նաև հեռախոսահամար, որով կարող էր կապվել ՏԻՄ աշխատակցի հետ: Կինը զանգել էր, խոսել, բայց, իհարկե, ոչ այն անձի հետ: Դատարկ ծրարը թողնելով և վերցնելով 30 հազար դրամը, որը կնոջը իբր պետք է վերադարձներ հայտնի անձը, 42-ամյա տղամարդը հեռացել էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 1-ին տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանել արարքը, ինչպես նաև այն, որ, օգտագործելով նույն մեխանիզմը. 30-հազարական դրամ էլ հափշտակել է Աշտարակ քաղաքի և Ոսկեվազ գյուղի երկու դեղատների աշխատակցուհիներից:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ