![]()
Ս.թ. նոյեմբերի 3-ին Վարշավայում՝ «Պատմության հետ հանդիպման տանը», տեղի է ունեցել լեհ ճանաչված ռազմական լրագրող, պատմաբան Վիտոլդ Ռեպետովիչի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի վավերագրությանը նվիրված «Պատերազմի մղձավանջը» վերտառությամբ լուսանկարների ցուցահանդեսի բացումը։
Լեհաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են հատվածներ ռեժիսոր Յադվիգա Նովակովսկայի «Պատերազմի և խաղաղության երկիր» վավերագրական ֆիլմից։
Միջոցառումը կազմակերպվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհ-հայկական հիմնադրամի և «Պատմության հետ հանդիպման տան» հաստատության համագործակցությամբ։
Միջոցառումը նահատակված հայ հերոսների հիշատակին նվիրված աղոթքով բացել է լեհահայոց հոգևոր հովիվ Հայր Տարոն Վարդապետ Ղուլիկյանը։
Այնուհետև ներկաներին դիմել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։ Նա, ողջունելով ներկաներին, շնորհակալական խոսք է ուղղել Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանին և «Պատմության հետ հանդիպման տան» հաստատության ղեկավարությանը։
Ս․ Մկրտչյանն անդրադարձել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն Արցախի դեմ ադրբեջանաթուրքական հրահրմամբ 44-օրյա պատերազմի արհավիրքին։ Նա ընդգծել է, որ պատերազմը խաթարել է Արցախի ժողովրդի խաղաղ և ստեղծարար կյանքը և հանգեցրել բազմահազար մարդկային կորուստների ու ահռելի նյութական վնասների։ Չնայած այդ ամենին՝ արցախահայությունը շարունակում է մնալ հաստատակամ՝ ապրելու և արարելու իր հայրենի հողի վրա։
Դեսպանն օրվա հրամայական դիտարկել է Ադրբեջանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ մշակութային ժառանգության պահպանությունը։
Այնուհետև դեսպան Սամվել Մկրտչյանը և Արսեն Հովսեփյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն պարգևը՝ Ոսկե մեդալը, հանձնել են Յադվիգա Նովակովսկային՝ հայանպաստ գործունեության համար։
![]()
![]()