![]()
Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկն էլ Արարատի մարզի Մասիս համայնքն է:
Մասիսում համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանն է:
Հայրապետյանը ծնվել է 1965 թվականին Մասիսի շրջանի Մարմարաշեն գյուղում։
1982 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
1983-85 թվականներին Հայրապետյանը ծառայել է խորհրդային բանակում։
1985-88 թվականներին աշխատել է Մասիսի հացի գործարանում։
1988-93 թվականներին մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1989-98 թվականներին մասնակցել է Երասխի, Տավուշի, Կրասնասելսկի, Շահումյանի, ԼՂՀ Մարտունու, Մարտակերտի եւ Շուշիի շրջանների պաշտպանական եւ ազատագրական մարտերին։ 1993-94 թվականներին էլ՝ Լաչինի, Հադրութի, Մարտակերտի եւ Հորադիզ տարածքի բնակավայրերի ազատագրական եւ պաշտպանական մարտերին։ 1995-98 թվականներին էլ Հայրապետյանը մասնակցել է Հորադիզ տարածքի բնակավայրերի սահմանների պաշտպանությանը՝ որպես գումարտակի հրամանատար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն 1995 թվականից նաև ԵԿՄ անդամ է։
2001-2003 թվականներին Սայեն Հայրապետյանը սովորել և ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան։
2003-2008 թվականներին եղել է ՀՀ ՊՆ մարտական վարչության շտաբի պետ։
2008 թվականին, իր դիմումի համաձայն, ազատվել է ՊՆ-ից և ԵԿՄ-ից։
2019 թվականին վերականգնվել է ԵԿՄ-ում՝ որպես Մասիսի տարածքային բաժանմունքի նախագահ։
2020 թվականի սեպտեմբերի 29-ից որպես Մասիսի վաշտի հրամանատար (հերթափոխով՝ 400 կամավորականների հետ) մասնակցել է 44-օրյա պատերազմին Քարվաճառի ուղղությամբ։
2020 թվականից Հայրապետյանը ԵԿՄ Արարատի մարզխորհրդի նախագահն է։ Պահեստազորի գնդապետ է։
Ամուսնացած է, ունի 3 երեխա։
«Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մասիս համայնքի ներկայիս ղեկավարն է՝ Դավիթ Համբարձումյանը: Նա ծնվել է 1986 թվականին Մասիս քաղաքում:
Ավարտել է Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցը:
2003-2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ:
2007-2010 թվականներին Մասիսի քաղաքապետը սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան «Հանրային կառավարում» մասնագիտությամբ:
Դավիթ Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է «Գոռ և Դավիթ» ԱԿ/-ում՝ որպես ընկերության տնօրեն:
2011 թվականից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
2014 թվականից եղել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի տեղակալ:
2015 թվականի նոյեմբերից մինչ 2016 թվականի նոյեմբեր ամիսն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)-ում՝ որպես ներքին վերահսկողության վարչության պետի տեղակալ:
Համբարձումյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
2016 թվականի նոյեմբերի 14-ից ստանձնել է Մասիս քաղաքի ղեկավարի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի 1 դուստր և 2 որդի:
2018 թվականին Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններ) 2-րդ և 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով:
Այնուհետև դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նա ազատ է արձակվել:
Նյութի աղբյուր՝ Հայկական Ժամանակ
![]()