![]()
Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի Մասիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում որպես համայնքապետի թեկնածու «Դավիթ Համբարձումյան» դաշինքով առաջադրվել է նաև Մասիսի ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
Նա սույն թվականի հուլիսի 4-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Համբարձումյանը հայտարարագրել է 3 հողամաս՝ 2-ը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, 1-ը՝ Արարատի մարզում: Քաղաքապետը նաև հայտարարագրել է Մալաթիա-Սեբաստիայում մեկ հասարակական նշանակության շինություն և Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ անհատական բնակելի տուն:
Որպես շարժական գույք Մասիսի քաղաքապետը տարվա սկզբում հայտարարագրել է 1999 և 2006 թվականների արտադրության «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենաներ:
Տարվա ընթացքում Համբարձումյանն այս մեքենաները վաճառել է, մեկը՝ 350 հազար դրամով, մյուսը՝ 3 մլն 500 հազար դրամով: Տարվա ընթացքում Համբարձումյանը 6 միլիոն դրամով ձեռք է բերել ևս մեկ «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա, որը կրկին վաճառել է՝ 7 միլիոն դրամով:
Մասիսի համայնքապետի թեկնածուն 2020 թվականին 1 միլիոն 500 հազար դրամով գնել է «Հոնդա» մակնիշի բեռնատար:
Որպես կանխիկ գումար Համբարձումյանը տարեվերջին հայտարարագրել է 650 հազար դրամ, 0 դոլար և 0 եվրո գումար, որոնք տարեվերջին դարձել են համապատասխանաբար՝ 900 հազար դրամ, 800 դոլար և 1000 եվրո:
Որպես աշխատավարձ Մասիսի քաղաքապետը քաղաքապետարանից ստացել է 3 միլիոն 213 հազար դրամ:
Նշենք, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գևորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 2-ին դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, նրանք ազատ են արձակվել: Ավելի ուշ Մասիսի քաղաքապետին ևս մեկ մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ:
![]()