Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը: Վերջինս նշեց, որ Սուքիասյանն ազատ է արձակվել անցած շաբաթ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ):

Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Կարապետյանի և նրա ընկերոջ հետ:

Նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Ռոբերտ Սուքիասյանը նախ՝ գլխով, ապա՝ բռունցքով հարվածել է Ն. Կարապետյանի դեմքին, որից հետո օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակով 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ: Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

Փաստաբանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ փոփոխվել է Սուքիասյանի մեղադրանքի նկարագրությունը։

«Ի սկզբանե վարույթ իրականացնող մարմինը ասում էր, թե Ռոբերտ Սուքիասյանը բոլորի հետ միասին սկզբից ներկա է եղել վիճաբանությանը: Բայց հիմա դա հերքվեց: Սուքիասյանը դեպքի վայրում եղել է միջադեպի վերջում, ինչը հաստատված է համարել քննիչը՝ փոփոխված մեղադրանքով: Ես ի սկզբանե ասում էի, որ այստեղ խուլիգանություն չկա»,- նշեց Միքայելյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ