Ընտրելով Գևորգ Փարսյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին. ԱԺ նիստի 1-ին հատվածը քարոզարշավի վերածվեց

Ազգային ժողովի նիստի առաջին հատվածն այսօր քարոզարշավի վերածվեց: Նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությանն ընդառաջ «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը դիմեց քաղաքացիներին, կոչ արեց անպայման գնալ ընտրության:

Արմենուհի Կյուրեղյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր — Դուք ձեր չմասնակցությամբ նորից նպաստում եք ներկա իշխանությունների վերարտադրմանը: Կոչ եմ անում անպայման գնալ ու երբևէ ձեր ձայնը չտալ գործող իշխանությունների թեկնածուներին:

Թեման զարգացավ, պատգամավորները հասան Գորիս ու Կապան: Կյուրեղյանին Վահագն Ալեքսանյանը պատասխանեց: Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրություններում «Հայաստան» դաշինքը հատուկ քաղաքականություն ունի՝ սեփական անունով հանդես չի գալիս, Գորիսում էլ այդպես եղավ ու Առուշ Առուշանյանի անունը զերծ մնաց Ռոբերտ Քոչարյանի անունից՝ ասաց Ալեքսանյանը:

Վահագն Ալեքսանյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր — Հիմա ուզում եմ ձեզ ասել, սիրելի կապանցնիներ, որ նույնը տեղի է ունենում ձեզ մոտ, նույն մարդիկ, նույն Ռոբերտ Քոչարյանի թիմը, որ ամեն կերպ փորձում է իրեն հեռու պահել Գևորգ Փարսյանից, նույն կերպ սատարում է Գևորգ Փարսյանին և ընտրելով Գևորգ Փարսյանին՝ դուք ընտրում է Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմը:

Առուշ Առուշանյանի վերընտրվելու պատճառներից էլ Աննա Գրիգորյանը խոսեց, պատասխանեց Ալեքսանյանի դիտարկումներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ