«Իսկ այդ նույն օրը ձեր շեֆի եւ իր որդիների հաշվին քանի՞ միլիոն դոլար կար, բանակի՞ց էր գողացել». Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ նրան ե՞րբ է զեկուցվել, որ երկիրը պատերազմի շեմին է:

«Նշեք ոչ միայն ամսաթիվը, այլև մոտավոր ժամը, որովհետև դրանից շատ այլ դրվագներ են կախված»,- ասաց պատգամավորը:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ղեկավարներին պատերազմի շեմին լինելու մասին զեկուցվել է պարբերաբար:

«Օրինակ՝ 2011 թվականի Կազանի փաստաթղթի ստորագրումից հետո և 2018 թվականի իմ վարչապետ դառնալուց հետո էլ այդպիսի զեկուցումներ լինում էին: Այս ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտարարությունն էլ է եղել, որը ասաց՝ այս պահից սկսած՝ մենք ցանկացած պահի պետք է սպասենք պատերազմի: Իմ հիշողության մեջ ֆիքսված է սեպտեմբերի 27-ից առաջ ինչ-որ ռադիո կլանում էր տեղի ունեցել, մեկ նախադասություն, որը վստահելի էր թվացել: Դա տեղի էր ունեցել 1 կամ 2 օր առաջ, բայց դրանից առաջ եղել են տվյալները, որ պատերազմ է լինելու»,- ասաց նա:

Վարչապետը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության այն պնդումներին, թե Արցախի սուբեկտայնությունը նվազել է, ասաց՝ զարմանում է, որ այդ թեմայի մասին հենց նրանք են խոսում:

«Ձեր օրոք է Արցախը դուրս մնացել բանակցության սեղանից: Դա միջազգայնորեն արձանագրված փաստ է: Դուք ասում եք՝ Արցախի տարածքի 72 տոկոսն օկուպացված է: Բա ձեր օրոք այդ տարածքները բանակցության սակարկության ենթակա էին, դուք դրա մասին գիտեիք, ինչո՞ւ ձայն չէիք հանում: Ձեր խմբակցությունը 2010 թվականին Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ էր քվեարկում, որում գրված է՝ Փելասարի վերևով անցնում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը, ինչո՞ւ էիք կողմ քվեարկում, դեմ քվեարկեիք»:

Փաշինյանը բորբոքվեց՝ շեշտելով, որ իրենց ընդդիմությունը մեղադրում է պատերազմը չկանգնեցնելու մեջ. «Բա դուք չգիտեի՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինն այդ տարածքների տալն է լինելու: Եթե դուք ասում եք, որ 72 տոկոսը ԱՀ-ի օկուպացված է, և մենք ենք այն տվել, դուք ուրեմն 1998 թվականից մինչև 2016 թվականը բանակցելիս եք եղել հայրենիքի 72 տոկոսը հանձնելու մասին: Հերիք եղավ, բոլ եղավ, հա՛, դավադրություն, դավադրություն»:

Ընդդիմադիրների կողմից դահլիճից առաջարկ եղավ նստելու և խոսելու, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Խոսենք, ո՞վ է խոսելուց հրաժարվել: Հաճույքով, նստենք խոսենք»:

Տիգրան Աբրահամյանն արձագանքեց, որ կային գործոններ, որոնք, ըստ էության, մոտեցնում էին պատկերը, օրինակ՝ Ադրբեջանում մոբիլիզացիան, կամ Թուրքիայի հետ զորավարժությունները։ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ երկիրը ապահովագրելու համար պետական կառավարման համակարգը և զինված ուժերը պատրաստվածության չէին բերվել։

Փաշինյանն էլ նշեց՝ ԶՈՒ-երը գործում են ըստ կիրառման պլանի:

«Կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, այստեղ ապահովագրել-չապահովագրելու մասին չէ։ Ինձ զորավարժությունների մասին տեղեկություն են տվել, որն ասելը, կարծում եմ, պատեհ չէ։ Եղել է գնահատական, ես ինքս էլ եմ ունեցել այդպիսի գնահատական, կիսել եմ այդ գնահատականը»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ