«Ինֆորմացիոն անկառավարելի հոսքը լրացուցիչ բեռ է մեր անվտանգության պատասխանատուների համար»․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ամբիոնից խոսել է տեղեկատվական անկառավարելի հոսքերի, ինչպես նաև դրանց բացասական հետևանքների մասին:

«Պատերազմից հետո մեր պետության անվտանգային նոր, առանց այդ էլ դյուրագրգիռ իրավիճակում գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում չստուգված և չզտված տեղեկատվության անխոչընդոտ տարածմանը:

Սա իր հերթին լարվածության անկառավարելի օջախներ է առաջացնում, որոնք թուլացնում են մեր անվտանգության համակարգը թե՛ ռազմական, թե՛ տեղեկատվական մակարդակներում: Հատկապես մեծ լսարան ունենալու պարագայում և՛ անհատները, և՛ քաղաքական դաշտը պետք է զերծ մնան առանց լիազոր մարմինների հաստատման տեղեկատվություն տարածելուց և էմոցիոնալ, սուբյեկտիվ տեսակետը որպես փաստ ներկայացնելուց, այն պարզ պատճառով, որ ինֆորմացիոն անկառավարելի հոսքը լրացուցիչ բարդույթ է առաջացնում մեր երկրի անվտանգության պատասխանատուների համար: Քաղաքականության մեջ երբեք ոչ մի բանի պետք չէ հավատալ, քանի դեռ այն պաշտոնապես չի հերքվել՝ ասել է Օտտո Բիսմարկը՝ նկատի ունենալով, որ սուտն ու կեղծիքը անխուսափելի են քաղաքականության մեջ, և դրանք անընդհատ օգտագործվում են՝ որպես հասարակությանը շեղելու և ապակողմնորոշելու գործիք, սակայն դրանք հաճախ խարխլում են մեր երկրի անվտանգային միջավայրը»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական այս իրողությունների պայմաններում բոլորիս համար կա մեկ ընդհանուր շահ՝ պետական շահը, որը ենթադրում է մեր երկրի սահմանների անվտանգության անխափան ապահովումը:

Նա հորդորեց ցուցաբերել պատասխանատվություն, աչալրջություն և վստահություն զինված ուժերի նկատմամբ՝ բացառելով քաղաքական կեղծ օրակարգը:

«Եվ ուրեմն, թյուրըմբռնումների և սադրանքների էպիկենտրոնում չհայտնվելու համար առաջարկում եմ զերծ մնալ խառնակչություններից, հետևել միայն պաշտոնական, ստուգված և հաստատված տեղեկատվությանը»,- ասաց Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ