Երազանքի հետեւից. 44-օրյա պատերազմում զոհված Էդգարի մայրը տուն է գնել սահմանամերձ Բնունիսում եւ հյուրատուն է հիմնում․ ՀԺ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էդգար Մարգարյանի մայրը՝ Արսինե Սահակյանը, որոշել է իրագործել իր եւ որդու երազանքը:

Շուրջ 20 տարի վարձակալությամբ ապրելուց հետո որդեկորույս մայրը որոշել է սեփական տունն ունենալ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա պատմեց, որ որդին եւս ուզում էր հայրենի հողի վրա սեփական հողակտորն ունենալ եւ տուն կառուցել: Կապ չուներ՝ այդ տունը հայրենիքի որ անկյունում կլիներ՝ չնայած ավելի շատ հակված էր գյուղական համայնքում կառուցել այն:

43-ամյա Արսինեն միայնակ է մեծացրել որդուն՝ տարբեր ժամանակներում տնից տուն տեղափոխվելով ու տարբեր բնակարաններ վարձակալելով:

Որդեկորույս մոր այս գաղափարի ոգեշնչման հիմք են դարձել «Հայ գյուղ» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Ստելլա Սարուխանյանի ուղիղ եթերները, որտեղ Սարուխանյանը ներկայացնում է հայկական գյուղերում առկա խնդիրներն ու գյուղացիների հետ միասին փորձում լուծումներ գտնել դրանց համար:

Ստելլա Սարուխանյանը զարգացման ծրագիր է անում Սյունիքի սահմանամերձ 5 գյուղերում (Նժդեհ, Տոլորս, Ցողունի, Բնունիս եւ Դաստակերտ): Արսինեն հայտնեց, որ տան որոնումները հենց այդ 5 գյուղերում է իրականացրել: Ի վերջո ընտրությունը կանգ է առել դրանցից ամենավատ վիճակում գտնվող գյուղերից մեկի՝ Բնունիսի վրա:

«Մահացող գյուղ է համարվում, որովհետեւ եթե մի գյուղում կա ընդամենը 22 տուն, դպրոցում սովորում է 9-10 աշակերտ, ուրեմն այդ գյուղերն արդեն թիրախային են ու ցավոտ կողմ ունեն: Բնունիսն ավելի պրոբլեմատիկ ու վատ վիճակում էր մյուս 4 գյուղերի համեմատ»,- ասաց նա:

Արսինեի խոսքով՝ այդ կերպ ե՛ւ տուն կունենա որդու անունով, ե՛ւ կարող է բիզնես ծրագիր անել՝ օգտակար լինելով սեփական երկրին: Նա Բնունիսի իր երկհարկանի տունը վերանորոգելուց հետո հյուրատան է վերածելու, որտեղ մարդիկ կհյուրընկալվեն աշխարհի տարբեր ծայրերից:

«Տունը կիսաքանդ վիճակում է, դեռ շատ անելիքներ կան: Բայց ամեն ինչ անելու եմ՝ հնարավորինս արագ կյանքի կոչելու համար: Բոլորի հայացքներն ուզում եմ ուղղել այդ գյուղին»,- ասաց նա:

Արսինեն պատմեց, որ սկզբում չի իմացել՝ Բնունիսն ինչ խնդիրներ ունի, սակայն հասցրել է մանրամասն ուսումնասիրել: Միայն հյուրատան հիմնումով չի սահմանափակվելու, փորձելու է նաև օգտակար լինել ոռոգման ջրի խնդրի կարգավորման եւ այլ հարցերում: Այստեղ խնդիրները բազմաթիվ են՝ բուժկետի, ջրի, կենսական կարեւոր պայմանների բացակայություն, կիսաքանդ դպրոց եւ այլն:

«Բնունիսի դպրոցում սովորական երեխաներ չեն կրթություն ստանում, այնտեղ մահապարտներ են սովորում: Եթե տեսնեք՝ այն ինչ վատ վիճակում է, լացներդ կգա»:

Արսինեն որոշել է Բնունիսի դպրոցի մի անկյունում էլ կանանց եւ աղջիկներին կարել սովորեցնել:

«Էդգարիս ապահովագրական գումարի կեսն եմ ստացել՝ 5 միլիոնը: Կեսը հայրը վերցրեց. մենք ամուսնալուծված ենք: Այդ գումարի մի մասով Էգգարիս հիշատակին նվիրված միջոցառում արեցի, խաչքար եմ պատվիրել իր անունով: Մի մասով էլ կարի մեքենաներ եմ գնել, պրոֆեսիոնալ կտոր եւ այլն»,- ասաց նա:

Սոցիալական խնդիրներն ավելի լավ պատկերացնելու եւ դրանք վեր հանելու համար ընդունվել է «Սոցիալական ձեռներեցների դպրոց»: Եվ ինչպես ինքն է ասում, քայլ առ քայլ գնում է իր եւ որդու նպատակի հետեւից:

Ես երդվել եմ ծառայել երկրիս եւ որդուս արածի դիմաց նաեւ իրեն իմ պարտքը տամ, բայց դժվար էլ կարողանամ այդ պարտքը տալ ամբողջ կյանքումս»,- չկարողանալով զսպել հուզմունքը՝ ասաց Էդգարի մայրը:

Էդգարը 1 տարի 8 ամսվա ծառայող է եղել, երբ զոհվել է: Ծառայում էր Հադրութում, եղել է նռնակաձիգ: «Սեպտեմբերի 27-ին է Էդգարիս ծննդյան օրը, այդ օրն էլ սկսվեց չարաբաստիկ պատերազմը»,- ասաց նա:

Էդգար Մարգարյանը զոհվել է հոկտեմբերի 1-ին, բայց նրա դին մորն են հանձնել 2021 թվականի հունվարի 17-ին: Պարգեւատրվել է «Արիության մեդալ»-ով եւ «Մարտական խաչ երկրորդ աստիճան» շքանշանով:

«Էդգարս 27 օր շարունակ մնացել է չեզոք գոտում, ոչ ոք չէր համարձակվում մտնել ու մարմիններն այդտեղից դուրս բերել: Հետո աշխարհազորայիններից մի ջոկատ էր հանել: Դրանից հետո Հայաստանի մեջ կորավ որդուս մարմինը, քանի որ անճանաչելի էր դարձել: ԴՆԹ անալիզներ էինք անում, կոդեր, կոդեր, կոդեր…: Ես այդ օրերին ինքս իմ մեջ որոշել էի՝ կա՛մ պիտի զինվորական դառնամ, ծառայեմ Հայաստանի Հանրապետությանը, կա՛մ ինչ-որ մի գործ սկսեմ կամավորական ու այդ կերպ ծառայեմ երկրիս»,- պատմեց Արսինեն:

Նա նշեց, որ հատուկ որոշել է սոցիալական ձեռնարկատիրության միջոցով իրականացնել հյուրատան տնօրինումը, որպեսզի ինքնուրույն չտնօրինի. «Այդ կերպ եկամտիդ 50 տոկոսը գնում է պետությանը, պետության հայացքներն ուղղվում են գյուղին, այդ գումարը պտտվում, նորից գալիս է գյուղ»:

Արսինեն Բնունիսում գնած տան համար 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար է տալու: Քանի որ գումարը չունի, տան տիրոջ հետ պայմանավորվել է մաս-մաս վճարել: «Մի քիչ գումար ես ունեմ, մնացած էլ սրտացավ մարդկանց միջոցով կտամ. ընկերներս հաշվեհամար են բացել, որպեսզի յուրաքանչյուր անձ 1 դոլար ներդրում անի: Այդ քայլով նաեւ ներդրողն իր հայացքը կուղղի դեպի այդ գյուղ: Հետագայում կգան Բնունիս, կհետաքրքրվեն՝ Արսինեի նախաձեռնությունն ի՞նչ եղավ, կամ աշխատանքներն ի՞նչ փուլում են»,- նկատեց Արսինե Սահակյանը:

Որդեկորույս մայրը պատմեց, որ բավականին բարդ գործընթացների միջով է անցնում որդու երազանքի հետեւից գնալու ճանապարհին. տները, որոնք նա ցանկացել է գնել, գյուղացիները, իմանալով նպատակը, թանկացրել են եւ 1 միլիոն նախանշված գինը աստիճանաբար բարձրացրել:

Զոհված զինվորի մայրը հույս ունի, որ իր այս քայլից հետո գուցե գյուղացիներն էլ ոգեշնչվեն եւ իրենց տները սարքեն հյուրատուն՝ ոչ միայն գումար աշխատելու, այլեւ գյուղը կենդանացնելու եւ որ ամենակարեւորն է՝ չհայաթափելու նպատակով:

«Կարող են նաեւ գումար ունեցող մարդիկ լինել, որոնք, տեսնելով այս նախաձեռնությունը, պարզապես կարող է նրանց մոտ ցանկություն առաջանա. սահմանամերձ գյուղի մի խարխուլ տան էլ իրենք շունչ տան»,- եզրափակեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ