![]()
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ այսօր, առավել, քան երբևէ, պետք է համախմբված լինել և հավելեց, որ ԵԿՄ-ն ամեն պահի պատրաստ է յուրաքանչյուր զարգացման:
«Մենք հիմա այնքան ուժեղ չենք, որ կարողանանք զենքի ու ուժի միջոցով արդյունքի հասնենք: Բայց դա չի նշանակում, որ ադրբեջանցիները ինչ ասեն, պետք է սուսուփուս համաձայնենք: Մեզ պետք է հզորանալ, Երկրապահն էլ դա է անում»:
Դիտարկմանը՝ երկրի ներսում ադրբեջանական անցակետեր կան, քաղաքացիները մոլորվում են, նաև հարցին՝ կարո՞ղ ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ի վիճակի չէ կառավարել երկիրը, Միքայելյանը պատասխան հարց ուղղեց՝ կա՞ մի իշխանություն, որը այսօր կկարողանա ասել, թե տարածքները հետ կբերենք:
Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն արել է այդպիսի հայտարարություն, Միքայելյանն ասաց. «Քոչարյանը մեծ հնարավորությունների տեր է եղել, ու երկիրը կամաց-կամաց բերել, հասցրել է այս վիճակին: Եթե դուք հույս եք դրել Քոչարյանի վրա, խնդրեմ, դրեք, բայց ո՞ւր էր Քոչարյանն այն ժամանակ: Թշնամին զինվում էր, իսկ մենք երկիր էինք թալանում իրենց օրոք: Դա՞ էր իր հակակշիռը»:
Խոսելով Անկախության օրվա միջոցառումների մասին՝ Միքայելյանը հայտնեց, որ կողմ է օրը նշելուն. «Տղաները, որոնք զոհվել են, Անկախության համար են զոհվել: Եթե մենք մեր Անկախությունը չնշենք, այսինքն՝ մենք հանձնվե՞լ ենք, որպես անկախ պետություն էլ չկա՞նք: Պետք է նշել ի փառս զոհված տղերքի»:
Անկախության օրվա կապակցությամբ ԵԿՄ նախագահը հայ ժողովրդին մաղթեց համախմբվածություն. «Մենք, երբ համախմբված ենք եղել, հաղթանակներ ենք տարել: Չպետք է հուսահատվել: Հավատի կորուստը զենք է, որը վտանգավոր է: Ես խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առաջ, փառք ու պատիվ բոլոր նահատակներին»,- եզրափակեց Միքայելյանը:
![]()