![]()
Իշխանությունն աչալրջորեն հետևում է պատերազմում նահատակված հերոսների հարազատների բոլոր հայտարարություններին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպման հետ կապված։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին սպասվելիք միջոցառումներին:
«Գիտեք, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։ Մենք որպես պետություն, չնայած անցնելով ծանր ու դժվարին ճանապարհով, ունենալով պատերազմի ծանր հետևանքներ, այնուհանդերձ, պետք է մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու, ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետականության ընթացքը։ Հանուն մեր ընկած հերոսների՝ մենք՝ որպես հանրություն և պետություն, պարտավոր ենք մեր մեջ ուժ գտնելու ու շարունակելու մեր պայքարը»:
Պատգամավորի կարծիքով՝ նման միջոցառումներով իմաստավորվելու է անկախությունը, հարգանքի տուրք է մատուցվելու ընկած հերոսների հիշատակին, որոնք կռվել են հանուն Արցախի, Հայաստանի և հայության։
«Եվ մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորությամբ և մեր ժողովրդի բարեկեցությամբ»,- հավելեց Կոնջորյանը։
![]()