![]()
Չեմ հերքում, որ կոռուպցիոն հանցագործություններ ներկայումս էլ են կատարվում: Մենք դրանք բացահայտելու ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում: Այս մասին այսօր` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտնելով, որ մի քանի օր առաջ զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել՝ հենց գումար վերցնելու պահին.
«Ձերբակալվել է կաշառք վերցնելու փաստով»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ձերբակալվել է նաեւ ՍԱՊԾ-ում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա։
Վանեցյանը նաեւ հայտնեց, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել. «Լուրերը, որոնք հրապարակվել էին, ժամանակավրեպ են եղել: Նա չի հրավիրվել ԱԱԾ»:
Հարցին, թե ի՞նչ է նշանակում ժամանակավրեպ ասվածը, Վանեցյանը նշեց, որ Խաչատրյանի մասով աշխատանքներ իրականացվում են, սակայն չի հասունացել այն պահը, որ լինեն կոնկրետ քննչական գործողություններ եւ հրավերներ ԱԱԾ.
![]()
«Ես մի կարեւոր բան եմ ուզում ասել. ԱԱԾ-ի կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս որեւէ թույլ կողմ չունեն:
Եթե մենք ինչ-որ գործ հարուցում ենք, քննում ենք, ավարտում, երբեք չի եղել, որ մեր սկզբնական տվյալները չհաստատվեն: Ինչի մասին մենք հայտարարում ենք, ստանում են իրենց 100 տոկոսանոց ապացույցները:
Կարող է տպավորություն ստեղծվի, թե մենք դանդաղ ենք գործում, բայց հավաստիացնում եմ բոլորին, որ մենք ամեն ինչ տեսնում ենք, սակայն պետք է ունենանք 100 տոկոսանոց ապացույցներ եւ առաջնորդվենք օրենքով: Օդում կախված լուրերը մեզ չեն վերաբերում, մեր ծառայությունը գործում է միայն կոնկրետ փաստերով: Այսինքն, այն բոլոր հրապարակումները, որ սա գողացավ, սրան չբռնին, տարբերություն են դնում, այդպես չէ»,- ասաց Վանեցյանը:
![]()