![]()
Սիդնեյի եւ Նոր Հարավային Ուելսի բնակիչներն այժմ մինչեւ 3700 դոլար տուգանքի կենթարկվեն՝ կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու համար:
Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տուգանքները 737 դոլարից հասել են 3700 դոլարի, հաղորդում է Reuters-ը:
Թեեւ տեղական իշխանությունները քննարկում էին որոշ սահմանափակումների մեղմացման հնարավորությունը այն դեպքում, երբ Սիդնեյի ինը շաբաթվա մեկուսացումը պետք է ավարտվեր օգոստոսի 28-ին, գործունեության սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, կպահպանվեն, իսկ Բերեջիկլյանը շաբաթ օրը ասել է, որ «սեպտեմբերը եւ հոկտեմբերը շատ դժվար կլինեն»: «Սա տառացիորեն պատերազմ է»,- հավելել է նա:
Նոր Հարավային Ուելսում շաբաթ օրը գրանցվել է COVID-19-ի 466 նոր հաստատված դեպք, ինչը գերազանցել է նախորդ օրը սահմանված ռեկորդը, որը կազմել էր 390։
Շաբաթ օրը գրանցվել էր նաեւ կորոնավիրուսից մահվան չորս նոր դեպք, ինչի հետեւանքով ընդհանուր թիվը հասել է 42-ի:
«Մենք պետք է ընդունենք, որ սա վատթարագույն իրավիճակն է, որում հայտնվել է Նոր Հարավային Ուելսը առաջին օրվանից»,- ասել է Բերեջիկլյանը:
Առանց պաշտոնական թույլտվության նահանգի գյուղական շրջաններ մուտք գործողների համար կկիրառվի նոր տուգանք՝ 2210 դոլարի չափով:
Թեեւ Ավստրալիայում վերջին շաբաթների ընթացքում գրանցվել է COVID-19-ի դեպքերի աճ, թվերը դեռ շատ ավելի ցածր են, քան աշխարհի այլ հարուստ երկրներում:
Ջոն Հոփկինսի համալսարանի հավաքած տվյալներով՝ ընդհանուր առմամբ, շաբաթ օրվա դրությամբ երկրում գրանցված է COVID-19-ի ավելի քան 38 600 դեպք:
![]()