![]()
Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին ՍիվիլՆեթին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Լրատվամիջոցը հարցում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։
«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։
ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018թ․ հուլիսի 9-ին։
2018թ․ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ խոսել էր հանրությանը «Սաշիկ» անունով հայտնի Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի մասին։
![]()
«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ […]: Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում էդ 30 միլիոն դոլարը հանելու է և կամավոր վերադարձնելու է պետական բյուջե»,- նշել էր Փաշինյանը:
![]()