Խոշոր ավտովթար․ 20 տոննա ծիրանով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ, DAF մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միլենա Եղշատյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա ծիրանով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ