![]()
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել: Սիբիրյան խոցի ախտանշաններով երեկ, հունիսի 30-ին, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի 5 բնակիչ:
Իսկ այսօր ևս երկու մարդու մոտ նույնն ախտանշաններն են հայտնաբերվել: Իսահակյան գյուղում մանր և խոշոր եղջերավոր անասունների անկումների վերաբերյալ ահազանգեր է ստացել ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղը։
ՀՎԿԱԿ «Շիրակ» կենտրոնի, Աղինի առողջության կենտրոնի, Մարալիկի բժշկական կենտրոնի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբանների համատեղ խումբը գյուղում շրջայցի ընթացքում հայտնաբերել է, որ մորթ իրականացրած 5 տղամարդիկ և հիվանդ կենդանու միսը մշակման ենթարկած երկու կանայք վարակվել են սիբիրախտով: Նրանք այժմ համապատասխան բուժում են ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Հունիսի 30-ին ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք Իսահակյան գյուղի բնակիչներ են: Այսօր ևս երկու քաղաքացի է ընդունվել: 5 տղամարդ և 2 կին է այժմ հոսպիտալացված: Հիմնականում մորթ անողներն են:
Կանանցից մեկը միսը գնել է հարևանից: Մաշկային ձևն է այստեղ դրսևորվել : Վերքեր են հիվանդների մարմնի տարբեր հատվածներում , սակայն հիվանդները չեն ջերմել, վիճակները կայուն է: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության »,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:
![]()