600 հազարից մինչեւ 1 միլիոն 200 հազար դրամ. ընկերությունները պատրաստ են վճարել ասպիրանտուրայի համար

Մի շարք մասնավոր ընկերություններ ցանկություն են հայտնել եւ պատրաստ են վճարելու ասպիրանտների ուսման վարձն ու կրթաթոշակը: Ֆինանսավորման չափը, որ առաջարկվել է ընկերությունների կողմից, տարբեր է. այն տատանվում է տարեկան 600 հազար դրամից մինչեւ 1 միլիոն 200 հազար դրամի սահմաններում:

Սա էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունն է, որը կյանքի կոչելու համար նախարարությունն առաջարկել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը դիտարկել այն։

Ըստ ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման նոր մոտեցման՝ մասնավոր ընկերությունները կարող են գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերներ իջեցնել՝ վճարելով այդ տեղերի համար: Այս սկզբունքով ընդունված ասպիրանտները ուսումնառության ընթացքում կզբաղվեն համապատասխան հետազոտություններով, իսկ վերջնարդյունքում աշխատանքի կանցնեն ասպիրանտուրայի գումարը վճարած ընկերություններում:

էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ որոշ ընկերությունների կողմից արդեն նախարարություն են ներկայացվել 17 ֆինանսավորման հայտեր:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, խիստ կարեւորելով գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը, ինչպես նաեւ տնտեսական աճի ապահովման նպատակով մասնավոր հատվածի կողմից գիտական հենքով հետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառումը, նախաձեռնել է ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների կողմից գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերների տրամադրման, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման (դրամաշնորհ, ուսման վարձ, կրթաթոշակ) ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքները:

Մասնավոր հատվածի հետաքրքրվածության աստիճանը պարզելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հարցում է կազմակերպել տարբեր ոլորտների (տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակող արդյունաբերություն, ծառայություններ) կազմակերպությունների շրջանում: Հարցման արդյունքներով 40-ից ավելի ընկերությունների կողմից ստացվել են դրական արձագանքներ, իսկ որոշ ընկերություններ արդեն իսկ ներկայացրել են 17 ֆինանսավորման հայտեր՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել ասպիրանտի ուսման վարձը եւ կրթաթոշակը»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության՝ մեզ ուղարկված պատասխանի մեջ:

Ասպիրանտների ուսման վարձը վճարել պատրաստվող մասնավոր ընկերություններն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Metric» ընկերությունը, «ԳՍ Մոնիթորինգ», «ԷյԱյՓի Թեք» ՍՊԸ-ները, «Էվրի Դեյ» ՓԲԸ-ն:

Ընկերությունների կողմից պահանջված մասնագետների, ներառված ոլորտների ցանկը Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությանը:

Այդ ոլորտներն են կիրառական եւ փորձարարական ֆիզիկա, կիրառական մաթեմատիկա, մեքենայական ուսուցում, քիմիա, վերլուծական քիմիա, կենսատեխնոլգիա, վիրաբուժություն, նյութագիտություն, ճարտարագիտություն (3D մոդելավորում, մաթեմատիկական մոդելավորում, տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի եւ փորձարկումների նախագծում, ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, արդյունաբերական եւ համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում, նյութագիտություն եւ օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպիլումերներ) աերոզոլային գիտություն, թունաբանություն, արհեստական բանականություն եւ այլ հարակից ոլորտներ՝ էկոնոմետրիկա, կիրառական տվյալագիտություն, NLP, խելացի սարքավորումների նախագծում եւ տվյալների տեղափոխում, բիոմեխանիկա:

Էկոնոմիկայի նախարարությունից հավելեցին, որ առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության համար 2021/2022 ուսումնական տարում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է ասպիրանտուրայի 2 տեղ: Դրանք հատկացվել են նախարարության ենթակայությամբ գործող Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի եւ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության գիտական կենտրոններին՝ համապատասխանաբար բուսաբուծություն, խաղողագործություն մասնագիտությունների գծով: Ներկայումս դիտարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ներկայացված գրավոր առաջարկի հիման վրա բնական եւ տեխնիկական գիտությունների գծով մասնավոր հատվածի կողմից առաջարկված և ֆինանսավորվող 20 լրացուցիչ տեղի հատկացման հարցը:

ԿԳՄՍ նախարարությունից էլ տեղեկացանք, որ Էկոնոմիկայի նախարարության առաջարկը դեռ քննարկման փուլում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ