![]()
Հայաստանում դեռահասները, երեխաները թմրանյութ են գնում սոցցանցերի միջոցով:
Միայն «Տելեգրամ» հավելվածում կա 1200 թմրանյութ վաճառող կայք, որտեղ ամեն օր երեկոյան ժամը 11-ից հետո առնվազն 600-800 մարդ թմրանյութ է փնտրում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանը:
Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանում, օրինակ, թմրամիջոցներից կախվածության դեպքերը հասարակության ներսում կոծկվում են:
«Հասարակությունը դժվար է ընդունում կախվածության հետ կապված խնդիրը: Հիմնականում մտածում են, որ չունեն նման խնդիր: Այնինչ դեռ մեկ տարեկան հասակից երեխային կապում ենք սմարթֆոնների հետ, հետագայում՝ վաղ տարիքից սոցիալական ցանցեր: Այնինչ այսօր սոցիալական ցանցերը դեռահասների շրջանում թմրանյութերի տարածման գործում մեծ ռիսկեր են պարունակում:
Սոցիալական ցանցերում գործում են նարկոշոփեր (թմրանյութ վաճառող կայքեր -հեղ.)»,- ասաց նա: Նրա խոսքով՝ Հայաստանի դեռահասների և երեխաների թմրամիջոցից կախվածությունը ոչ թե սովորական կախվածություն է, այլ ազգային անվտանգության խնդիր: Այդ ամենը փաստում են նաև այն տեղեկությունները, որ կազմակերպությունը ունի՝ կապված անչափահասների՝ Երևանի տարբեր ակումբներ այցելելու հետ:
«Գերադասում ենք հայտարարել, որ 17-18 տարեկան երեխան սրտի կանգից է մահացել, բայց երբեք ու երբեք չենք ասում, որ երեխան մահացել է թմրանյութ օգտագործելուց: Դա մեր ազգային բնութագիրն է: Նման ակցիաների նպատակը հետևյալն է՝ ներկայացնել հասարակությանը, որ կախվածություն ունենալը խարան չէ, դա հիվանդություն է, և ճիշտ ժամանակին հոգեբանին, մասնագետին դիմելու դեպքում հնարավոր է կանխարգելել: Մենք տեղեկատվություն ունենք, որ Երևանի տարբեր ակումբներում անչափահասների քանակը շատ մեծ է, դա պայմանավորված է հենց կախվածություններով: Եթե չբարձրաձայնենք խնդիրը, հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- ասաց Երեմյանը:
Ըստ հոգեբան Իլոնա Հովհաննիսյանն էլ՝ թմրամիջոցներից կախվածության խնդիրը կարող է հատկապես սրվել հետպատերազմյան շրջանում: «Կախվածությունը հիվանդություն է: Մեր երիտասարդները տեսել են պատերազմի վախերը, տագնապները: Փորձելու ենք դրանք փոխարինել կամ սփոփել թմրանյութի և ալկոհոլի միջոցով: Դրա համար ծնողները պետք է չդրդեն երեխային, ավելի խորացնեն հիվանդությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
«Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Երեմյանն իր հերթին կոչ արեց ծնողներին ուշադիր լինել, հետևել երեխաների ակտիվությանը սոցիալական ցանցերում:
«Հետևեք երեխաների սոցիալական էջերին, երեխաներին գալիս են թմրանյութեր առաջարկող նվերներ: 15-16 տարեկան դեռահասներին առաջարկում են այս կամ այն տիպի թմրանյութը, օրինակ՝ որպես ծննդյան նվեր»,- ասաց նա:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն էլ ասաց՝ իրենց կենտրոնում այս պահին հաշվառված երեխա, որը թմրամիջոցներից կախվածություն ունի, չկա: Նման դեպքերի ավելացում նկատվում է հետդպրոցական, ուսանողական շրջանում: Նա ասաց, որ վիճակագրական տվյալները չեն արտահայտում իրական պատկերը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատերը խուսափում են դիմել բժշկական հաստատություն: Վերջին ուսումնասիրությունները դեռահասների շրջանում թմրանյութերի օգտագործման հետ կապված արվել են 2007 թվականին:
«Ըստ 2007-ի տվյալների՝ դեռահասների շրջանում թմրանյութերի փորձերը քիչ են եղել: Օրինակ՝ հերոինի օգտագործումը 0.2 տոկոս, մինչև մեկ տոկոս մարիխուանայի օգտագործում և այլն: Այսօր վստահ եմ, որ այդ թվերն այլ են լինելու: Այն ժամանակ համացանցն այսպես հասանելի չի եղել, հիմա այլ պատկեր է»,- ասաց Սուրեն Նազինյանը:
«Միասին կարող ենք» հասարակական կազմակերպությունը, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը Երևանի քաղաքապետարանի հետ միասին Երևանի 12 հանրակրթական դպրոցի բարձր դասարաններում անցկացրել են դասընթացներ դեռահասների շրջանում կախվածությունների կանխարգելման վերաբերյալ: Ծրագրի շրջանակում 9 հազարից ավելի ծնողի հետ աշխատանք է տարվել: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Ելենա Հարությունյանի խոսքով՝ hանդիպումներից հետո բավական մեծ էր զանգերի թիվը, մարդիկ սկսել էին անդրադառնալ իրենց երեխայի վարքագծին:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Իլոնա Հովհաննիսյանը նշեց, որ հանդիպումների ընթացքում ամենակարևոր շեշտադրումը եղել է այն, որ կախվածությունը հիվանդություն է: Ըստ նրա՝ պետք է կոտրել կարծրատիպերը հասարակության շրջանում և նպաստել, որ խնդիրների դեպքում նրանք հանգիստ դիմեն մասնագետների:
«Շատ լավ գիտեք, որ հասարակությունում պիտակավորված են կախվածություն ունեցող անձինք: Ծնողների հետ մեր հանդիպումների առանցքում այն էր, որ կարողանան ճիշտ պայքարել, ավելի չդրդեն, որ երեխան հեռանա իրենցից: Մենք զրույցների ընթացքում որոշների մոտ տեսնում էինք այդ տագնապը: Շատերը հետո մոտենում էին, կոնտակտներ, մասնագետների խորհուրդ էին խնդրում»,- եզրափակեց Իլոնա Հովհաննիսյանը:
![]()