Ռամզան Կադիրովը կրկին կառաջադրվի Չեչնիայի նախագահի պաշտոնում

Չեչնիայի Հանրապետության ներկայիս նախագահ Ռամզան Կադիրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տարածաշրջանի ժողովուրդների համագումարի մասնակիցներին ուղղված ուղերձում ասված խոսքերից հետո որոշում է կայացրել կրկին առաջադրվել Չեչնիայի նախագահի պաշտոնում, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության տարածաշրջանային կառույցը Կադիրովի թեկնածությունն առաջադրել էր նախագահության նոր ժամկետի համար, իսկ քվեարկության արդյունում նրա թեկնածությանը հավանություն էր տրվել միաձայն:

«Գիտեք, որ ընտրություններին մասնակցելու հարցն ինձ համար բաց էր մինչև վերջին պահը: Ես ինքս ինձ համար հստակ որոշում էի կայացրել, որ թեկնածությունս չեմ առաջադրելու, եթե անգամ մեր բնակչության որոշակի մասը դեմ լինի դրան: Ինձ համար որոշիչ եղավ մեր ազգային առաջնորդի՝ Վլադիմիր Պուտինի ուղերձը Չեչնիայի Հանրապետության ժողովուրդների համաշխարհային համագումարին: Ես ականջալուր եղա մեր նախագահի կամքին և համաձայնություն տվեցի ընտրություններին մասնակցելուն»,- «Вконтакте»-ի իր էջում գրել է Ռամզան Կադիրովը:

Չեչնիայի գործող ղեկավարը նշել է, որ չի պատրաստվում նախընտրական խոստումների և քարոզարշավի վրա ժամանակ վատնել, այլ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու ազգաբնակչության կենսամակարդակը բարելավելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ