![]()
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում քայլերթի ժամանակ մեղրեցիներից մեկը, մոտենալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, առաջարկեց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Դավիթ Մաթեւոսյանին հետմահու ազգային հերոսի կոչում շնորհել:
«Պարոն Փաշինյան, ես խոսում եմ բազմաթիվ մեղրեցիների անունից եւ խնդրում եմ ձեզ եւ ձեր Կառավարությանը… որոշում կայացնեք Դավիթ Մաթեւոսյանին Ազգային հերոսի կոչում շնորհել»,- ասաց պահեստազորի գնդապետ Բագրատ Զաքարյանը՝ ընդգծելով, որ Մաթեւոսյանը մի մարդ էր, ով իր ամբողջ կյանքը նվիրել է այս պետության պետականաշինությանը եւ ոչ մի Կառավարության կողմից չի գնահատվել:
Ի պատասխան այս առաջարկի՝ նախ բուռն ծափեր հնչեցին քայլերթի մասնակիցների կողմից: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախ ուզում եմ ասել, որ Դավիթ Մաթեւոսյանը իմ ընկերն է, ընկերն է եղել, ես ուզում եմ դուք իմանաք, որ նրա մահվանից ոչ շատ առաջ ես նրա հետ հանդիպում եմ ունեցել եւ նրան ներգրավել եմ կոնկրետ պետական խնդիրների կատարման գործում: Ես ձեզ լսեցի, կարծում եմ՝ արժանի է, ես չէի ուզում եւ չէի կարող զուտ իմ ընկերական հարաբերության տրամաբանության մեջ այդ հարցը դնել, շնորհակալ եմ ձեզ, որ այդ հարցը բարձրացնում եք՝ պետական բարձր պարգեւի արժանացնելու, եւ ես ձեզ խոստանում եմ, որ դա անպայման կդիտարկվի»:
Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, Սյունիքի նախկին փոխմարզպետ, ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը զոհվեց հոկտեմբերին ռազմի դաշտում հայրենիքի պաշտպանի իր պարտքը կատարելիս: 60-ամյա Մաթեւոսյանը հուղարկավորվել է «Եռաբլուր»-ում:
![]()