![]()
Նախընտրական քարոզարշավի շրջանակում կոտայքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կանգառ է կատարել Աբովյան քաղաքում:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ժողովուրդը հունիսի 20-ին պետք է ճզմի որոշ ուժերի՝ ընտրական տեղամասերում, քանի որ ապագան հենց ՀՀ քաղաքացին է:
«Իմ միտքը ՀՀ 15 գերեվարված քաղաքացիների հետ էր այնքան ժամանակ, մինչ նրանք հատեցին ՀՀ սահմանը: Այժմ իմ միտքը մեր մյուս գերեվարված եղբայրների հետ է:
Ես ուզում եմ ասել, որ նրանց վերադարձը իրադարձություն չէ, այլ նոր պրոցեսի սկիզբ է, որի արդյունքում մեր բոլոր եղբայրները վերադառնալու են: Այս ընտրություններն այդ առումով շատ կարևոր են:
Կան ուժեր, որոնք ամենատարբեր ջանքեր են գործադրել, որ կասեցվի գերիների վերադարձը, այդ թվում՝ ընտրությունների արդյունքներով:
Բազմաթիվ նահատակներ ունեն երեխաներ, մանկահասակ երեխաներ, որոնց մի մասը ծնվել է նրանց նահատակվելուց հետո ու նրանց երջանկությունը մեր պարտքն է նահատակների առաջ: Ովքեր ուզում են իմ այս խոսքերը որպես կոմպրոմատ օգտագործել մեր դեմ, թող օգտագործեն: Մենք հիշելու ենք նրանց թափած ամեն կաթիլ արյունը ու անելու ենք ամեն ինչ, որ իրենց զավակներն ապրեն ազատ ու ինքնիշխան երկրում ու իմանան, որ իրենց հայրերը երջանկություն են բերել ոչ միայն իրենց, այլև մյուս բոլոր երեխաներին:
Մենք գերիների դիմաց այո, քարտեզներ ենք փոխանակել, մենք կառուցողական քայլի դիմաց կառուցողական քայլով ենք պատասխանել»,-նշեց վարչապետը:
Երբ վերջինս պարզաբանում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռոքերի այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները, քաղաքացիները նշեցին, որ պարզաբանել ու արդարանալ պետք չէ, ճիշտ քայլ է արվել:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դեռ դեկտեմբերին որոշակի քարտեզներ Ադրբեջանին փոխանցվել էին, սակայն երբ նույն ժամանակահատվածում դադարեցվեցին գերիների փոխանակումները, Հայաստանն էլ դադարեցրեց քարտեզների փոխանցումը: Նախորդ շաբաթ մոլորլու հետևանքով Ադրբեջա սահմանը հատած ու ժամեր անց վերադարձված զինվորի դեպքի ժամանակ այդ բանակցությունները դեռ ընթանում էին:
Շարունակելով անվտանգության ու բանակի թեման, վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ կան պարկեշտ ու ազգանվեր գեներալներ, որոնք դեռևս բնակարանի խնդիր ունեն: Նա հավելեց՝ բարձրացվել է սպայական ամբողջ կազմի աշխատավարձը: Սրանք էլ, ըստ նրա, անվտանգային խնդիրներ են ու բանակի կարևոր հարցերից:
«Իհարկե, չափազանց կարևոր է մեր արտաքին քաղաքականությունը՝ անվտանգության համար: Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները խորացնելու ենք: Սոթքից մինչև Խոզնավար հատվածում առաջին հերթին մեր ռուս գործընկերների հետ ենք աշխատում, որպեսզի հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, տեղակայվեն ռուս սահմանապահներ ու իրականացվի սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա, որը պարիսպն է լինելու մեր երկրի շուրջ: Ընտրություններից անմիջապես հետո վերսկսելու ենք Լեռանյին Ղարաբաղի հարցի քննարկումները, ամեն հնարավորը անելու ենք, որպեսզի հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացենք»,-եզրափակեց վարչապետը՝ բոլորին հունիսիս 21-ին հրավիրելով Երևանի Ազատության հրապարակ՝ պողպատե մանդատի հաղթանակը տոնելու:
Ավարտելով իր խոսքը, ՔՊ անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, Աբովյանում քայլերթ իրականացրեցին:
![]()