Զուտ զինվորականների մեղքն է. Սամվել Բաբայանը՝ Շուշիի կորստի, մեղավորների, քարոզարշավի մասին

Սամվել Բաբայանի հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ.

Այսօր մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Այդ վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր ղեկավարներին՝ բաց նամակներով և ուղիղ հաղորդագրություններով: Ասել եմ,որ քիչ ժամանակ ունենք, որ մենք փաստորեն չունենք ո’չ դաշնակիցներ, ո’չ գործընկերներ, ովքեր պատրաստ են ստորադասել իրենց շահը հանուն մեզ, որ անհրաժեշտ է պատրաստել ուժեղ ու հզոր բանակ, որովհետև միմիայն մեր սեփական ուժերով մենք կարող ենք պաշտպանել մեզ և ստիպել հաշվի նստել մեզ հետ։ Իմ ասածներն անտեսվել են, առաջարկներս ընկալվել որպես ծայրահեղ արմատական, իսկ կանխատեսումներս՝ ուռճացված և անհնարին։

Գրեթե 20 տարի ես պայքարել եմ Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության անտարբերության ու տգիտության դեմ, որպեսզի կանխեմ սպառնացող պատերազմը, կանխեմ հազարավոր մեր տղաների զոհն ու Արցախի կորուստը:

Եվ նույնիսկ Արցախի Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնում լինելու ժամանակ անտեսվեցին իմ առաջարկները` լրջորեն վերաբերվելու արտաքին սպառնալիքներին ևբանակի սպառազինության վերանայման խնդրին:

Իսկ պատերազմի ժամանակ այնպիսի մի ստոր երևույթի հանդիպեցի, ինչպիսին է ռազմական և քաղաքական ղեկավարության պատրաստակամությունը ընթացք չտալ իմ առաջարկություններին, որպեսզի հետագայում չճանաչեն հաղթական որոշումների հեղինակայնությունը:

Այսքանից հետո արժե՞ շարունակել նման պայքարը հանուն մեր միացյալ Հայրենիքի ու մեր ժողովրդի վերածննդի: Ես կարող եմ հիշեցնել ինձ հայտնի այն ասացվածքը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին, և մի կողմ քաշվել, չխանգարելով իշխանության համար պայքարողներին վերջնականորեն կործանել Հայաստանը: Բայց ես գիտակցում եմ, որ իրավունք չունեմ դավաճանելու արցախյան առաջին պատերազմում հաղթանակած և երկրորդ պատերազմում իրենց հայրերի գործի համար նահատակված մեր տղաների հիշատակը: Ես չեմ կարող անտարբեր հետեւել, թե ինչպես են իմ անպարտելի ազգին դարձնում ջարդված, ու հուսալքված բնակչություն` մասնատելով քաղաքական գզվռտոցներում: Ես չեմ ուզում, որ մեր բանակը մնա ջարդված, իսկ մեր զինվորն` անպաշտպան: Ես չեմ կարող հանդուրժել, որ իմ հողում տիրի թշնամին` ոտնահարելով իմ ժողովրդի իրավունքը:

Այդ պատճառով ես նորից մտնում եմ քաղաքականություն, որպեսզի համատեղ ուժերով վերածնենք մեր միասնական Հայրենիքը: Մի անգամ մենք դա արեցինք, ընդ որում իրավիճակն այն ժամանակ ավելի ծանր էր, քան հիմա:

Այսօր բոլոր նրանց ժամանակն է, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և պատրաստ են ստորադասել իրենց անձնական շահը հանուն ազգի բարօրության: Եվ հենց այդպիսինն է «Ազատական» կուսակցության թիմը, որի հետ ես պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի մարտահրավերներ կան Հայաստանի առաջ և գիտենք դրանց լուծման ուղիները:

Հարգելի ՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ, չլինել անտարբեր մեր երկրի ճակատագրի հանդեպ, համախմբվել մեզ հետ և աջակցել մեզ` հանուն մեր միասնական Հայրենիքի վերածննդի, որտեղ մեր ժողովրդի ու երկրի անվտանգությունն ու ապահովությունը նորից կդառնան պետական գերակա խնդիր:

Հիշեցնենք, որ «Ազատական» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2021թվականի մարտի 1-ին, գրանցվել մայիսի 6-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ