![]()
«Հայտնի փաստ է, որ այս հրապարակը, ստացվեց այնպես, որ իմ կյանքում, մեր կյանքում ունի առանձնահատուկ նշանակություն»: Գյումրու Վարդանանց հրապարակում քիչ առաջ ավարտվեց բազմամարդ հանրահավաքը, որի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը այս բառերով հիշեց 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մեկնարկի մասին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում շատ դժվար, ծանր ժամանակներ ենք ապրել եւ ապրում, ուստի, մինչ նոր փուլի մասին ազդարարելը, ուզում է բոլորից, հրապարակում հավաքված բոլոր քաղաքացիներից, հայ ժողովրդից, Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում ապրող մեր հայրենակիցներից ներողություն խնդրել այն բոլոր թերացումների, բացթողումների, ձախողումների համար, որ այս ընթացքում ունեցել են:
«Եվ ահա ես եկել եմ ասելու, որ այլեւս հանձնված եմ ձեր՝ ՀՀ քաղաքացիների դատին եւ հունիսի 20-ին դուք պիտի կայացնեք դատավճիռ: Բայց ուզում եմ մի կարեւոր առանձնահատկության մասին խոսել. ես ինձ հետ բերել եւ ձեր դատին եմ հանձնել Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին, եւ սա պատմական մի հանգրվան է, որտեղ ժողովուրդը պետք է ասի իր խոսքը անցյալի, ներկայի եւ ապագայի մասին: Բայց ես գիտեմ մի բան, որ այո՛, 2018 թվականի հեղափոխությունը փաստորեն ուշացավ եւ գուցե դրանում է իմ ամենամեծ մեղքը, որովհետեւ գուցե կար շանս ավելի վաղ անել դա եւ գուցե իրադարձությունները այլ կերպ կընթանային»,- հայտարարեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածուն:
Ըստ նրա, սակայն, հիմա այլեւս անցյալին նայելու ժամանակը չէ: «Ճիշտ նկատվեց, որ հիմա շատերն են ասում՝ անցյալին վերադարձ չի լինելու: Բայց ես ասում եմ, եւ հույս ունեմ կպաշտպանեք իմ այդ դիրքորոշումը, որ ոչ միայն անցյալին վերադարձ չի լինելու, այլեւ անցյալի անցյալին վերադարձ չի լինելու, այլեւ անցյալի անցյալի անցյալին վերադարձ չի լինելու»,- շարունակեց Փաշինյանը:
Ընդգծեց, որ չնայած այդ հույսերին, պատրաստ է ընդունել հայ ժողովրդի ցանկացած որոշում: Եվ նույնիսկ եթե ժողովուրդը, որոշի, որ պետք է գնդակահարի իրեն՝ պատրաստ է հնազանդ կանգնել գնդակահարության այդ պատի տակ:
«Բայց ես հույս ունեմ, որ հունիսի 20-ին առնվազն 60 տոկոսը տեղամասերում կասի՝ ապագա կա»,- նկատեց նա:
Նիկոլ Փաշինյանը կարեւոր համարեց տեղեկացնել, որ իր ելույթը պայմանականորեն վերնագրել է՝ «Վերջին 30 տարում առաջին անգամ», որովհետեւ դրանում ամփոփված է այն տրամաբանությունը, էն փիլիսոփայությունը եւ արժեքը, որն իրենք դրել են Հայաստանի կառավարման հիմքում:
Շեշտեց՝ մինչ իրենց իշխանությունը՝ այդ տրամաբանությունը եղել է հետեւյալը. «Էսպես երեւացող տեղերում փայլեցնել, պսպղացնել, ներկել, իսկ որ 15 մետր, 100 մետր էն կողմ ես գնում, արդեն բոլորովին ուրիշ պատկեր»:
Ասաց. «Մենք այդ տրամաբանության մեջ չենք գործել, մենք գործել ենք բոլորովին հակառակ տրամաբանության մեջ: Մենք պաշտպանել ենք նրան, ովքեր անպաշտպան են եղել, մենք հարգել ենք նրանց, ում քամահրանքով են վերաբերվել, մենք խոնարհվել ենք նրանց առջեւ, ում վերեւից են նայել: Բայց սա վերնագիր չէ, սա կոնկրետ գործ է»:
Իր ելույթի մյուս հատվածում Փաշինյանը թվեց այն կարեւոր փոփոխությունները, որ իրենք հասցրել են իշխանության 3 տարիների ընթացքում: Դրանց թվում նա նշեց մանկատան սաներին բնակարանով ապահովելը, Ադրբեջանի փախստականներին տներ տրամադրելը եւ այսպես շարունակ:
Վերջում, հասնելով զենքի գնումներին՝ Փաշինյանն իր իշխանության տարիների գնումները համեմատեց նախորդ իշխանությունների գնումների հետ:
Ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության 7 տարիներին Հայաստանը ձեռք է բերել 300 միլիոն դոլարի զենք-զինամթերք, Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիներին՝ 121 միլիոն դոլարի զենք- զինամթերք, Սերժ Սարգսյանի ղեկավարած 10 տարում՝ 247 միլիոն դոլարի զենք, իսկ ահա իր ղեկավարման օրոք՝ 2018-ից մինչեւ 44-օրյա պատերզմը, գնվել է 248 միլիոն դոլարի զենք-զինամթերք:
«Այսինքն 2 տարվա ընթացքում մենք ավելի շատ զենք-զինամթերք ենք ձեռք բերել, քան Քոչարյանի իշխանության 10 տարիներին…Ես այս վիճակագրությունը բարձրաձայնում եմ ՝ ի ցույց դնելու համար այն տրամաբանությունը, որ դրված է եղել մեր կառավարման հիմքում: Այո՛, մենք զենք ենք գնել, բայց միլիոնատեր չենք դարձել, մենք ճանապարհ ենք կառուցել, բայց միլիոնատեր չենք դարձել»,- հավելեց նա:
Եզրափակելով ելույթը՝ Փաշինյանն ասաց, որ այս ամենի տրամաբանությունն այն է, որ իրենց համոզմամբ ոչ թե մարդն է իշխանության համար, այլ իշխանությունն է մարդու համար: Ուստի, խոստացավ ծառայել այնքան, ինչքան ՀՀ քաղաքացին ունի դրա կարիքը:
Հանրահավաքը Գյումրիում ավարտվեց երթով:
![]()