![]()
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եթե 2018 թվականի հեղափոխությունից առաջ ասել էր, որ կադրային ջարդեր չեն լինելու, ապա հիմա հայտարարում է, որ լինելու են։
«Ես շատ հստակ ասում եմ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի»,- ասաց նա եւ շարունակեց.
«Էն հիմնարկների, ինձ չի հետաքրքրում՝ մասնավոր կլինի այդ հիմնարկը, չգիտեմ՝ հանրային կլինի, այն հիմնարկների ղեկավարները, որ իրենց աշխատողներին որեւէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»,- ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք, 2018 թվականի հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով, ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում եւ այս ողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում։
«Մեզ տվեք այդ կադրային ջարդն անելու մանդատը, եւ մենք այդ տրոյական ձիերին դուրս կմղենք պետական կառավարման համակարգից»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ խոսքը ֆիզիկական վենդետաների մասին չէ: «Էդ համայնքի ղեկավարները, կարճ ասած, ռադ են լինելու, եւ այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ:
Էդ հիմնարկների ղեկավարները, թեկուզ սեփականատերեր ունեն, եթե սեփականատերերն էլ փորձեն դիմադրել, իրենց էլ կենթարկենք ամենադաժան քաղաքացիական վենդետաների: Դե զգուշացնում եմ, հանկարծ չփորձեն թպրտալ»,- հավելեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը կոչ արեց հունիսի 20-ին գնալ տեղամասեր եւ 2018-ին տված թավշյա մանդատը դարձնել պողպատյա. «Եվ դուք կտեսնեք քաղաքացիական վենդետաներ, քաղաքական վենդետաներ եւ դուք կտեսնեք կադրային ջարդուփշուր. բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ով, ժողովրդի ներողամտությունից օգտվելով, երեք տարի գործել է ժողովրդի դեմ, բոլորին հատ-հատ վզներից բռնած անձամբ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից: Եվ ուրեմն՝ պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, պատրաստվեք կադրային ջարդի: Եվ ուրեմն՝ Հայաստանում ապագա կա»:
![]()