![]()
Այսօր շատ են խոսում, գլուխ են գովում, թե իրենք ստեղծել են Ղարաբաղի հարցի մեր պատկերացումներին համապատասխան լուծման հնարավորություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում քարոզչության ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «ՔՊ»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասում եմ, որ չի եղել այդպիսի հնարավորություն: 1996 թվականից մինչեւ 2018 թվականը գոյություն ունեցած բանակցային բովանդակությունը միայն մի հնարավորություն է թողած եղել մեզ համար: Ղարաբաղը փուլային եղանակով Ադրբեջանի կազմ վերադարձնելու ճանապարհ է եղել դա: Բոլոր նրանք, որոնք հետաքրքրվում են, թե ինչքանով է փաստարկված իմ ասածը, խնդրում եմ լսել 2 օր առաջ Աբովյան քաղաքում իմ ունեցած ելույթը: Այդտեղ բոլոր փաստարկները հնչել են»,-ասաց Փաշինյանը:
«Ես հիմա ձեզ տարօրինակ բան կասեմ, բայց ուզում եմ, որ դուք իմանաք: Այո, որոշակի ծանր ու վիրավոր իրավիճակում, բայց ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ: Հավատացեք իմ այս անձանագրման: Ես ավելի մանրամասն չեմ կարող ասել նույն պատճռով, ինչպես 2018-2019 թվականներին չէի կարող մանրամասն ասել բանակցային բովանդակության մասին:
Միայն երկու բան կարող եմ ասել. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո «անջատում հանուն փրկության» բանաձեւի իրագործման հնարավորություններն էականորեն մեծացել են: Մեզ հարկավոր է հետեւողական աշխատանք այս ուղղությամբ»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:
![]()