![]()
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ կուսակցության անդամների հետ այսօր Արմավիրի մարզում էր: Այցն ամփոփվեց Արմավիրի մարզկենտրոնում՝ Արմավիր քաղաքում:
Քաղաքացիներին ողջունելուց հետո, Արմավիրում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի նահատակների հիշատակը, այնուհետ նշեց, որ Հայաստանի ժողովուրդը թեև վիրավոր, բայց միասնական պիտի կերտի երեխաների ապագան:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ ինքն Արմավիրի հետ քացր հիշողություններ ու պատմություն ունի, որովհետև ծառայել է 2 տարի այնտեղ: Նա նշեց, որ իր ծառայության տարիներին ծառի տակ թաքուն ծնողները ուտելիք են բերել իրենց զինվոր որդիների համար, սակայն այսօր ծաղրում են ներկա իշխանություններին՝ ասելով, թե բանակը ելակով չեն պահում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ հուսով է՝ հունիսի 20-ին կկատարի ընտրություն՝ իր խղճին հավատարիմ մնալով:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր խոսքում նշեց, որ պատերազմից առաջ Արցախի ամբողջ բնակչությունը կազմում էր 150 հազար մարդ, ինչը նշանակում է, որ Արցախից հեռացել է 4 անգամ Արցախ: Այս պարագայում, ըստ պատգամավորի, նախորդ իշխանություններն իրավունք չունեն խոսել Արցախի մասին, ու նաև որովհետև Հայաստանից արտագաղթը ահռելի չափերի է եղել:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ դիմելով Արմավիրի բնակչությանը նշեց, որ օրվա խորհուրդը ստիպում է լինել չափազանց անկեղծ: Նա նշեց, որ բարոյականությունն այն է, երբ օրենքի առաջ հավասար են բոլորը, սակայն տարիներ շարունակ այդպես չի եղել, դա եղել է Հայաստանի առաջին Հանրապետության սխալը: Այժմ պետք է ըստ գործչի, ընտրել իշխանություն, որը սպասարկում է ժողովրդին ու բարոյականության կրողն է:
Ելույթները եզրափակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն այսօր նորից ու նորից պատմություն են կերտելու, որովհետև քաղաքացիներն են երկրի ողնաշարը:
![]()