![]()
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ դահլիճային պայմաններում:
Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց մեծամորցիներին.
«Մեր տղաները զոհվել են, որ այն երեխաները ապրեն, որ Հայաստանը ապրի, որ հայ ժողովուրդը ապրի»:
Այնուհետեւ շարունակեց. «Իհարկե գիտեմ, ամեն անգամ պետք է պատասխանել հետեւյալ հարցին՝ իսկ ինչու ամենը այսպես ստացվեց. պատճառը պարզ է: Ըստ էության մենք մեր անկախության ժամանակի մի հսկայական մասը վատնել ենք, սիրելի՛ ժողովուրդ, ուղղակի վատնել ենք: Ընդ որում էս պահին էական էլ չի՝ ով է մեղավոր, ով է անմեղ: ժամանակը ամենակարեւոր բանն է, որը հնարավոր չէ ետ բերել: Մեր ամենակարեւոր մարտահրավերը հետեւյալն է՝ ամեն օրը ապրել այնպես, որ այդ ժամանակը ետ բերելու ցանկություն չառաջանա»:
Մեծամորում խոսելով առաջիկա ծրագրերից՝ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ առաջիկայում Հայաստանը կունենա պղնձաձուլարան, որպեսզի ոչ թե մետաղ արտահանենք, այլ պատրաստի արտադրանք: «1 տոննա պղնձի գինը 10 հազար դոլարից անցել է: ՀՀ-ն պղնձով շատ հարուստ երկիր է: Երկու խնդիր պետք է լուծենք՝ պղնձի ոչ թե հանքաքար, այլ արտադրանք արտահանենք: Եթե ձուլարան ունենանք, եւս 5000 մարդ աշխատելու հնարավորություն կունենա»,- ասաց նա:
Փաշինյանը վստահեցրեց, որ ընտրությունների կեղծման թեման փակված է Հայաստանում, թույլ չպետք է տալ, որ այն բացվի:
Իսկ ձեզ հայտնի ուժերին ձեր տված ամեն քվեն նշանակում է, որ դուք դուռ եք բացում, որ ՀՀ քաղաքացին զրկվի սեփական երկրում տեր լինելու իրավունքից:
«Էսօր նրանք խոսում են զենքի տեսակից, դուելից են խոսում, որովհետեւ իրենք քաղաքականության մեջ գործելու միայն մի մեթոդ գիտեն՝ գնդակահարելու մեթոդը: Նրանք ՀՀ քաղաքացիներին են հրավիրում դուելի, եւ ես կասկած չունեմ, որ ՀՀ քաղաքացին հունիսի 20-ին էդ մարտահրավերը կընդունի եւ ջախջախիչ պարտության կմատնի նրանց, ովքեր հանդգնում են կասկածի տակ դնել քաղաքացու իշխանությունը»,- ասաց վարչապետի թեկնածուն՝ հավելելով, որ հունիսի 21-ը պետք է լինի ոչ թե «ռազբորկաների», այլ աշխատանքի օր, պատմության մեջ նոր դարաշրջան պետք է բացվի, որտեղ ամեն օր ստեղծվում է նոր ապագա:
Վարչապետի պաշտոնակատարը կանգ առավ նաեւ Ակնալիճ համայնքում, որտեղ ոտքի վրա ակնալիճցիների հետ քննարկեց ջրի հետ կապված խնդիրներ: Մի խումբ բնակիչներ էլ նրան տեղեկացրին, որ գործարանները մինչ օրս չեն վճարել մթերված խաղողի եւ լոլիկի գումարը:
![]()