«Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության. եկեք խոսենք, տեսնենք՝ ով ո՞վ է…». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ կուսակցության անդամների հետ Արմավիրի մարզում հաջորդ կանգառը կատարեց Քարակերտ գյուղում:

Այստեղ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են վանկարկումներով, ծափահարություններով, բնակիչները նրա գակստյան առթիվ գառ մատաղ արեցին: Վարչապետի պաշտոնակատարը, ինչպես բոլոր համայնքներում, Քարակերտում էլ 1 րոպե լռությամբ հորդորեց հարգել պատերազմի նահատակների հիշատակը:

Նա շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու նշեց, որ Քարակերտը Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից է: Այնուհետ նա հավելեց, որ չի կարող անարձագանք թողնել ընտրությունների մյուս թեկնածուների կամ որոշ գործիչների հնչեցրած խոսքերը: Որպես օրինակ, Նիկոլ Փաշինյանը նշեց Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունները:

«Նա ասել է, եթե ես լինեի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը և լիներ այս վիճակը, ես ինքնասպան կլինեի:

Ես հարց եմ ուզում տալ՝ 1999 թվականին Սերժ Սարգսյանը ՀՀ անվտանգության ապահովող թիվ 1 պաշտոնյան էր ու Հայաստանում տեղի ունեցավ այնպիսի քստմնելի դեպք, ինչպիսին հոկտեմբերի 27-ն էր, բայց ես չեմ հիշում, որ Սերժ Սարգսյանը երակները կտրած լինի:

Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության նախարար է եղել և նրա պաշտոնավարումների ընթացքում Հայաստանում սպանվել են գլխավոր դատախազը, ներքին զորքերի հրամանատարը, ռազմական ոստիկանության պետը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԺ փոխնախագահները, պետնախարար, Ազհային ժողովի պատգամավորներ, և ի՞նչ: Կարո՞ղ է բացատրել ինչու իրեն գլխից չի կրակել:

2018-ից հետո Սերժ Սարգսյանի եղբոր միայն մի հաշվին 30 մլն դոլար հայտնաբերվեց, ինչու՞ ինքնասպան չի լինում: Երբ խոստովանում էր, որ Հայաստանի բանակը կռվում է 80-ականների զենքով, ինչու՞ ինքնասպան չէր լինում: Բա մտածում էիք, որ տարիներ շարունակ պիտի լափեք, ուտեք ու դա հետևանք չունենա՞ երկրի համար:

Մեր սպառազինության 75 տոկոսը ձեռք է բերվել մեր իշխանության ժամանակ: Բա երբ ՀՀ զինված ուժերը թողել էիք առանց զենքի, ինչու՞ քեզ չէիր գնդակահարում, որովհետև զինվորի ծնողի ուղարկած ամեն հացի մեջ փայ էիր մտե՞լ:

Մենք ինքնասպան լինելու առիթ չունենք, որովհետև ոչինչ չենք խնայել մեր երկրի ու բանակի համար»,-նշեց նա:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև ասֆալտապատման, դպրոցների կառուցման, ինտենսիվ այգիների կրկնապատկման, ջերմոցների ու կաթիլային ոռոգվող տարածքների կրկնապատկման ու մյուս աշխատանքների մասին՝ հավելելով, որ նախկին իշխանություններն այդ ամենը չեն արել, որ մարդիկ չլինեն ազատ, որ «ընտրություններից առաջ ժողովրդին 5000 դրամ տայիք ու նադրա կարիքն ունենար»:

Նա հավելեց, որ այս ընտրություններում ժողովուրդն ինչ էլ որոշի, ինքը կհնազանդվի այդ որոշմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ