![]()
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու, այսօր Աբովյանում հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Գլխավոր շտաբի նախկին պետը հայտարարություններ է անում, դա սարսափելի է։ Դուք կարաք հարց տաք՝ բա նրանց խի՞ էիր էդտեղ դրել։ Շատ պարզ պատճառով, ես հո չէի կարա գնայի օտար երկրից գեներալ բերեի։
Մեր գեներալների միջից պիտի նշանակվեր։ Ընդ որում, ես Գլխավոր շտաբի պետ նշանակելուց առաջ խորհրդակցել եմ զինվորական մարդկանց հետ։ Ասել են՝ երկու մարդ կա, որ էս պահի դրությամբ պատրաստ է լինել Գլխավոր շտաբի պետ։ Ես էդ երկու մարդկանց եմ նշանակել, օդից չեմ վերցրել, երկուսն էլ բարձրաստիճան փորձառու զինվորականներ։
Ու էսօր էդ մարդիկ հայտարարություններ են անում։ Էն մարդը, ում ես գեներալ-գնդապետի կոչում եմ տվել, էդ մարդը 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է։ Ես չէի ուզում ասել, բայց Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու։ Ինքը ինձ դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի՝ օգնության հասնող խումբը ինչի՞ է երկու օր, օր ու կես ուշացումով տեղ հասել։ Մենք ձեզ հետ միասին մինչև վերջին դետալը պետք է բացատահայտենք էս պատմությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
![]()