![]()
«Ազատության» հյուրասրահում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանն է։
«Ազատություն»․ — Ձեզ կարո՞ղ էի որպես գործարար ներկայացնել։
Սուքիասյան․ — Ես, ճիշտն ասած, 2005 թվականից գործարարությամբ չեմ զբաղվում։ Առավել շատ զբաղվում եմ վերլուծություններով։ Դե իհարկե, սեփականատեր եմ։ Չգիտեմ ոնց կարող եք ձևակերպել․․․
«Ազատություն»․ — Այնուամենայնիվ գիտեք, որ կառավարման հանձնելը Հայաստանում, որպես կանոն, ձևական է լինում, սեփականատերը մնում է բիզնեսի գլխին։ Համաձա՞յն եք։
Սուքիասյան․ — Ես կարծում եմ, արդեն մոտ մի 10-15 տարի է, գիտակցությունը և միջավայրը այնպիսին է, որ համակարգը, որը կառավարում է, բավականին մեծ ինքնուրունություն ունի՝ տնօրեննորը, կառավարողները։
«Ազատություն»․ — Ես կարող եմ բերել Ծառուկյանի օրինակը, երբ Էթիկայի հանձնաժողովը արձանագրել էր, նույնիսկ տեսանյութերում նա կանգնում է, մարդկանց հրահանգներ է տալիս։ Ասում է, կառավարման են հանձնել, բայց նույնիսկ աշխատողների դիտողություններ էր անում և այլն։ Դուք չկա՞ք էդ ամենում։
Սուքիասյան․ — Ընդհանրապես ես չեմ զբաղվում։ Հնարավոր է ուղղակի հետաքրքրվեմ, որ ավելի պատկերավոր լինի ինձ մոտ ընդհանուր վիճակը։
«Ազատություն»․ — Վարչապետ Փաշինյանը, ժամանակին լինելով ընդդիմադիր, ամենակոշտ քննադատներից է եղել բիզնեսի ու քաղաքականության սերտաճման։ Եվ ահա մենք տեսնում ենք բիզնես ունեցող Խաչատուր Սուքիասյանը հենց Փաշինյանի գլխավորած ցուցակում է։
Սուքիասյան․ — Փաշինյանը, ես կարծում եմ, ի նկատի ուներ այնպիսի պաշտոնյաների, որոնք որ պաշտոն են զբաղեցրել, մեծ բիզնես են վարել, այլ բիզնես ունեցող մարդկանց [համար] խնդիրներ են ստեղծել, որպեսզի իրենց բիզնեսը զարգանա։ Ես կարծում եմ, էդ տպավորությունն ա ստիպել Փաշինյանին էդ տարանջատման մասին խոսել։
![]()