![]()
Արարատի մարզի Հովտաշատ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց «Հայաստան» դաշինքով վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերի հայտարարություններին:
«Էս վերջերս հայտարարություն է հնչել, սիրելի հայրենակիցներ, ձեզ հայտնի անձի կողմից: Էսպիսի մի շատ հետաքրքիր գաղափար է առաջ քաշվում, ասվում է՝ այն մարդիկ, ովքեր պետական բարձրաստիճան պաշտոնի են հավակնում, երկիրը ղեկավարելու հավակնություն ունեն, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության:
Եվ դա ասում է այս մարդը (ցույց է տալիս Քոչարյանի նկարը՝ առյուծի վրա-խմբ.), որը մասնագիտացված է սատկած առյուծ քշելու մեջ: Էս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ շատ լավ գաղափար է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ղեկավար պաշտոնների հավակնող մարդկանց հոգեբուժական փորձաքննության ենթարկել:
«Որովհետեւ եթե, օրինակ, այդ պրակտիկան 1998 թվականին գոյություն ունենար, ենթադրվում է, որ Հայաստանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործություն տեղի չէր ունենա, եթե 1998 թվականին տենց պրակտիկա լիներ, որ երկրի ղեկավարը հոգեբուժական փորձաքննության ենթարկվեր, եթե 98 թ. տենց պրակտիկա լիներ, ենթադրվում է, որ «բարեւ Ռոբ» ասելու համար մարդուն չէին տանի, զուգարանում ծեծելով սպանեին»,- հավելեց Փաշինյանը եւ շարունակեց. «Եվ հիմա փորձում են այ էս անեկդոտային կերպարի շուրջ վախի մթնոլորտ տարածել: Սա խեղճ, կոմպլեքսավորված, բարդույթավորված մարդ է, որը մեր մասին ասում է՝ ենթադրում եմ, որ իրենք պամպերս են հագնում: Կներեք, ժողովուրդ ջան, չենք ուզում խոսակցությունը իջեցնել այդքան ցածր մակարդակի, բայց ամբողջ սոցցանցերն էին քննարկում, որ երբ որ հայտնի իրադարձությունների ժամանակ իրենց առողջական վիճակի նրբությունները դարձել էին համընդհանուր քննարկման առարկա… եւ ամբողջ սոցցանցերը քննարկում են, որ այդ մարդը ստիպված է էսօր նույնիսկ քարոզարշավի ժամանակ պամպերս հագնի, հիմա եկել է, մեզ ասում է՝ երեւի էդ մարդիկ պամպերս են հագնում: Սա անթույլատրելի է»:
Խոսելով Քոչարյանի հայոց լեզվի գիտելիքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում օրենք կա, որ նույնիսկ պատգամավորի թեկնածուները պետք է հայերենի իմացության որոշակի թեստ անցնեն:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ վերջերս Քոչարյանն ընդամենը երկու բառ էր հայերեն գրել՝ «հախթանակած երիտասառթութուն», սակայն այդ երկու բառի մեջ մի քանի ուղղագրական սխալ էր թույլ տվել:
«Ու էս մարդիկ եկել են, փորձում են վախի մթնոլորտ տարածել: Ձեր ինչի՞ց վախենանք, ա՛յ անեկդոտի հերոսներ, ա՛յ սատկած առյուծ քշողներ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Վերջում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ իրենց ամենաշատը ուղղվող մեղադրանքներին, թե ինչու նրանց չեն դատել, ինչու են նրանք ազատության մեջ:
«Մեզ համար կարեւոր է ինստիտուտների կայացումը, բայց եթե դուք կարծում եք, որ ինչ-որ մեկին եւ կոնկրետ մարդկանց մենք պետք է դատեինք եւ չենք դատել, հունիսի 20-ին դուք նրանց դատելու հնարավորություն ունեք, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ դատապարտեք նրանց իրենց արժանի պատժին, դա այն է, որ նրանք իրենց կառուցած երազանքներից եւ միֆերից հետ գան եւ բախվեն դաժան իրականության հետ, որ Հայաստանի քաղաքական դաշտում իրենք տեղ չեն ունեցել եւ չունեն»:
![]()