«Հոգնել եմ լրագրողներից, դուրս եմ գալիս քաղաքականությունից». Վարդան Ղուկասյան

ԿԸՀ-ն օրեր առաջ հրապարակեց հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակները:

Ուսումնասիրելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը՝ նկատում ենք, որ այժմյան ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ ընդգրկված չեն այդ ցուցակում:

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց ցուցակում չընդգրկված պատգամավորներից Վարդան Ղուկասյանի հետ՝ պարզելու, թե ինչն է եղել պատճառը արտահերթ ընտրություններին չմասնակցելու:

Պատգամավորի հետ զրույցը՝ ստորև.

— Պարոն Ղուկասյան, ինչո՞ւ ընդգրկված չեք ԲՀԿ նախընտրական ցուցակում:

— Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այլևս չեմ ցանկանում լինել պատգամավոր:

— Քաղաքականությունի՞ց եք դուրս գալիս, թե՞ ուղղակի դադար եք վերցնում:

— Դուրս եմ գալիս քաղաքականությունից:

— Ինչո՞ւ:

— Հոգնել եմ ձեզանից (նկատի ունի լրագրողներին), սուտ լրատվությունից, այսօրվա քաղաքական դաշտից, այսպես է ճիշտը:

— ԲՀԿ-ից առաջարկ եղե՞լ է իրենց հետ մասնակցելու, դուք մերժե՞լ եք:

— Շատ տեղերից են եղել առաջարկներ, ուղղակի չեմ ուզում:

— Էլ ո՞ր ուժերի կողմից է եղել առաջարկ:

— Ի՞նչ կարիք կա ասելու:

— Կա՞ կուսակցություն կամ դաշինք, որին պատրաստվում եք սատարել այս ընտրություններին:

— Ես պաշտպանելու եմ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանում եմ իրեն որպես անհատ:

— 26 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին…

— Ամոթ է, ինչ 26 ուժ: Էս երկրում պետք է 2-3 կուսակցություն լիներ: Նորմալ իրենց գործերով զբաղվեին, նորմալ մարդիկ հավաքվեին ու աշխատեին ի շահ ժողովրդի, ոչ թե ի շահ իրենց գրպանի:

— Ինչի՞ հետ եք կապում ուժերի այսքան մեծ քանակը:

— Ես, ինձ հարգելով, հեռու եմ մնում էս ամեն ինչից: Խայտառակություն է այսօր: Մարդը մի բան ասում է, հարձակվում են վրան: Ֆեյքեր-մեյքեր կան, անբարո խոսքեր են ասում: Ես ինձ հարգող մարդ եմ, չեմ կարողանում էս ամեն ինչը հանգիստ տանել, զզվում եմ, որ կան ճշմարտության թշնամիներ: Այսօր կան լրատվություն ու ֆեյքեր: Չեն էլ թողնում, որ մարդիկ իրենց կարծիքը հայտնեն: Էս դաշտում աշխատել ու գնալ առաջ, ես հարմար չեմ գտնում:

— Այսինքն՝ տիրող մթնոլո՞րտն է պատճառը, որ չեք ցանկանում զբաղվել քաղաքականությամբ:

— Ինչքան հեռու, այդքան լավ, որովհետև այդքան բան արեցինք, բայց փոխանակ աշխատանքային հերոս տային, մինչև այսօր ասում են՝ Գյումրին քանդողն է, մեղա Աստծո: Վարդան Մամիկոնյանին համեմատում են Վասակ Սյունու հետ ու ասում են՝ Սյունին ավելի ճիշտ էր, քան Մամիկոնյանը: Անդրանիկ զորավարին վատաբանում են, ասում են՝ սխալ էր: Հիմա ի՞նչ անենք, ում խփե՞նք, ո՞ւմ բերանը ջարդենք: Դրա համար փախիր իմաստկանե մարդիանե:

— Պարոն Ղուկասյան, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է մթնոլորտն այպիսին:

— Որովհետև դպրոցն իր տեղում չէ: Եկեղեցին իր տեղում չէ: Եկեղեցում պետք է բարեպաշտ մարդիկ հոգևորական լինեն: Հավատավոր մարդիկ պետք է լինեն հոգևորական, որպեսզի նրանց խոսքը բարձրանա առ Աստված, ու երբ իրենք քարոզ անեն, մարդիկ իրենց հավատան: Մենք գիտեինք, թե դպրոցում ուսուցիչները զուգարան չեն գնում: Հիմա նայում ես՝ ինչքան անբարոյական կա, մեծ մասը դարձել է ուսուցիչ՝ իրենց կեցվածքով ու տգիտությամբ:

— Վերադառնալով ընտրություններին, ո՞ր քաղաքական ուժերի շանսերն եք բարձ գնահատում:

— Ընդունում եմ Դաշնակցություն-Քոչարյան ուժին: Բոլորի համար չեմ կարող կարծիք հայտնել: Եթե թափանցիկ ընտրություններ լինեն, ժողովուրդն իր խոսքը կասի: Կապրենք, կտեսնենք: Չեմ ուզում մարգարե լինել ու գուշակությամբ զբաղվել:

— Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում է: Ինչպե՞ս եք վերաբերում:

— Ես խնդրում եմ այդպիսի հարցեր մի տվեք, մարդկանց մի կռվացրեք: Ամեն մարդ իր ճանապարհով է ապրում:

— Քաղաքականությունից դուրս գալուց հետո ինչո՞վ եք զբաղվելու:

— Բիզնեսով, աշխատանքով ինչքան լավություն կարողացել, արել եմ: Նույնն էլ հիմա եմ անելու: Ես պաշտոնով չեմ եղել Վարդան Ղուկասյան: Ես եմ զարդարել, սիրունացրել ու շենացրել այդ պաշտոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ