![]()
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 10:10-ի սահմաններում Ավշար գյուղի Մ. Խորենացի և Գրիգորի փողոցների խաչմերուկում բախվել են Աարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Բորիս Բադալյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և 66-ամյա Սոս Խաչատրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Խաչատրյանը, նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 64-ամյա Պետիկ Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել գազատար խողովակն ու խողովակի հենասյունը և մասամբ հայտնվել բնակչի տան բակում:
Օպերատվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
![]()