![]()
Ադրբեջանում սկսվել է հայ ռազմագերիներից երկուսի՝ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունը:
Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում սկսվել է դատարանի նախապատրաստական նիստը, պարզվել են մեղադրյալների և տուժողների անձնական տվյալները: Քրեական գործը գտնվում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի վարույթում:
Հայ ռազմագերիները նշել են, որ 1994 և 2020 թթ. եղել են Լեռնային Ղարաբաղում:
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 9-ին:
52-ամյա Լյուդվիգ Մկրտչի Մկրտչյանն ու 54-ամյա Ալյոշա Արամայիսի Խոսրովյանը գերեվարվել են ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, շինծու գործով նրանք մեղադրվում են ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1990-ականներին, ադրբեջանցի ռազմագերիներին «կտտանքների ենթարկելու» համար:
Քրեական գործի քննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի ռազմական դատարան: Գործում որպես «տուժող» ներառվել է 12 ադրբեջանցի: Գործը գտնվում է դատավոր Էլբեյ Ալլախվերդիևի վարույթում:
Հետաքննության արդյունքում իբրև թե պարզվել է, որ Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանը «խոշտանգել է Ադրբեջանի քաղաքացու, որը 1991 թ. հուլիսի 12-ին պատանդ է վերցվել և շուրջ 17 օր ապօրինաբար պահվել Խոջալուի անտառում»:
Սահմանվել է, որ Մկրտչյանը տարբեր ժամանակներում ծեծել և խոշտանգել է գերեվարված 11 ադրբեջանցիների Խոջավենդի (Մարտունու) և Աղդարեի (Մարտակերտ) շրջանների տարածքում՝ Շուշիի բանտում և Երևան քաղաքում, ինչպես նաև գնդակահարել է Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի:
Մկրտչյանը բերման է ենթարկվել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆիզուլիի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից: Ավելի վաղ Բաքվում հայտարարել էին, որ Լյուդվիգ Մկրտչյանը կալանավորվել է 4 ամսով:
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նաև ՀՀ քաղաքացի Ալյոշա Խոսրովյանի՝ իբր հանցավոր գործողությունները: Հրապարակումներում նշվում է, որ Լյուդվիգ Մկրտչյանի հետ միասին նա դաժանորեն և անմարդկայնորեն է վերաբերվել ադրբեջանցիներին և խոշտանգել նրանց:
Խոսրովյանը, սակայն, ի տարբերություն Մկրտչյանի, ոչ թե 11, այլ 5 ադրբեջանցի գերիների հետ է դաժան վարվել։ Նրանցից մեկին էլ, ըստ Ադրբեջանի դատախազության՝ Խոսրովյանը, ստիպել է շինարարական ծանր աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առանձնատան կառուցման ընթացքում։
Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել է Արցախի մեկ այլ ուղղությունից, դարձյալ՝ հոկտեմբերին, սակայն Ադրբեջանի դատախազությունը գտել է, որ նրանք երկուսով են 90-ականներին խոշտանգել ադրբեջանցի գերիներին ու մեղավոր են հավասարապես:
Գործով ցուցմունքներ են տվել մի շարք անձինք, սակայն չի նշվում՝ ովքեր և ինչ են խոսել, ինչպես նաև հայտնի չեն քննության մանրամասները:
![]()