![]()
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողի կարգավիճակի մասին:
Նրանց հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հայաստանը մայիսի 27-ին դիմել է Ստրասբուրգի դատարան: Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից գերեվարված զինծառայողներին դեռ չեն այցելել: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը «Լուրերին» ասել է, որ ամենօրյա երկխոսություն են իրականացնում երկու երկրի իշխանության հետ՝ գերիների տեսակցությունն ապահովելու համար:
Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելել են, նրանց փոխանցել ծնողների տեսաուղերձները: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի հետ այս պահին գտնվում է երկխոսության մեջ:
Իշխանությունների հետ քննարկում ենք այս հարցը, և այս պահին սա է ընթացքը:
Նման դեպքերի համար նախատեսված ընթացակարգ է, երբ ներգրավված կողմերում ստանում ենք պաշտոնական հաստատում կամ դիմում՝ գերեվարման փաստի կապակցությամբ: Այս փաստի հիման վրա սկսվում է երկխոսություն, որը նախատեսում է մեր կողմից դիմում՝ անհապաղ այցելելու տվյալ անձանց:
Այցի գլխավոր նպատակն է գրանցել այս անձանց, հետո սկսել պարբերաբար տեսակցել՝ ստուգելու համար նրանց պահման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաև օգնել՝ կապ հաստատելու մարդկանց հետ»,- ասել է Զառա Ամատունին:
![]()