Այս տարի հունիսի 1-ին երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի վճարովի

Այս տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երեւանի կենդանաբանական այգու մուտքը մանուկների համար անվճար չի լինի: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Կենդանաբանական այգու լրատվական բաժնից:

Նկատենք, որ նախորդ գրեթե տասը տարիներին Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար անվճար էր (բացառությամբ 2020 թվականի կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակահատվածի):

«Ամեն տարի չէ, որ Հունիսի 1-ին այգու մուտքն անվճար է եղել: Եթե անվճար է եղել, ապա եղել են հովանավորներ, որոնց հետ համագործակցության արդյունքում այցելուներին (միայն փոքրերին) հնարավորություն է տրվել այգի գալ անվճար»,- «Հայկական ժամանակի» հարցմանը պատասխանեցին այգու լրատվականից՝ հավելելով՝ Հունիսի 1-ի գնացուցակը ոչնչով չի տարբերվելու մյուս՝ ոչ տոնական օրերի գներից:

Ընտանեկան փաթեթի (2 չափահաս եւ 3 երեխա) արժեքն է աշխատանքային օրերին 2900 դրամ, շաբաթ եւ կիրակի՝ 4000: Մեծահասակներ (70+ տարեկան) համար այգի այցելությունները բոլոր օրերին անվճար է: Անվճար է նաեւ 0-ից 3 տարեկան երեխաների համար: 3-ից 15 տարեկանների համար աշխատանքային օրերին տոմսի արժեքը 500 դրամ է, շաբաթ-կիրակի՝ 600: Չափահասների (16+ տարեկան) համար աշխատանքային օրերին՝ 800 դրամ, շաբաթ-կիրակի՝ 1200:

Հավելենք նաեւ, որ Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնական էջում արդեն հրապարակվել է Հունիսի 1-ին սպասվելիք միջոցառումների ժամանակացույցը, որը ներկայացնում ենք ստորեւ.

12:00 -13:00 — երգեր ու պարային ելույթներ

13:00 — 14:00 — համերգային ծրագիր

14:00 — 14:10 — օղակներով շոու

14:10 -14:40 — համերգային ծրագիր

14:40 -14:50 — կրակներով շոու

15:20 — 15:40 — աճպարարական համարներ

15:40 — 16:30 — համերգային ծրագիր

16:30 — 16:50 — հեծանիվով համարներ

17:00 — 19:00 — համերգային ծրագիր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ