«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ-ն չի քննարկել եւ չի քննարկելու. փոխվարչապետը՝ Ալիեւի հայտարարության մասին

Տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե իրենք աշխատում են նոր՝ Զանգեզուրյան միջանցքի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ:

Ալիեւը հավելել էր, թե այն կապահովի նոր կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Սակայն, թե կոնկրետ ինչն է միջազգային հարթությունում ամրագրվել Ալիեւը չի մանրամասնել: Ալիեւի խոսքով՝ այդ հարցը քննարկվում է եռակողմ ձեւաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի միջեւ եւ արդեն կան լավ արդյունքներ։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանը արդեն իսկ սկսել է Հորադիզից մինչեւ Հայաստանի սահման երկաթգծի կառուցումը։

Մհեր Գրիգորյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական եւ հետազոտական ծավալուն աշխատանքներ, որոնք վերաբերում են երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր եւ արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաեւ անվտանգության, սահմանային, մաքսային եւ այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման եւ իրականացման հնարավորությունները:

«Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ներկա պահին շարունակվում են ուսումնասիրվել միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային եւ այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաեւ մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի եւ կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Նույն համատեքստում գնահատվում են նաեւ տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների եւ ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները: Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների եւ ուղիների վերականգնման եւ դրանցով հավասար իրավունքներով եւ պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Կարծում եմ, առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ»,- նշեց Գրիգորյանը:

Ըստ փոխվարչապետի՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ