2 քաղաքացի լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ

Համացանցում է հայտնվել լուսանկար, որտեղ 2 քաղաքացի հպարտ ու երջանիկ տեսքով լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ։ Նրանք, ըստ ամենայնի, սպանել են այդ քոթոթին ու հպարտանում են իրենց որսով։

Այս մասին գրում է Շրջակա միջավայրի նախարարությունն ու տեղեկացնում, որ ը դիմել է է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB և ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։

Խիստ դատապարտվում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

ՀՀ բոլոր քաղաքացիներին նախարարությունը հորդորում է նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB (թեժ գիծ՝119) կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ