![]()
Հայաստանի եւ Սդրբեջանի միջեւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին աճող լարվածությունը ստիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին Վիեննայի միջուկային բանակցություններից վերադառնալ տարածաշրջան։ Այս մասին գրում է Tehran Times-ը։
Հրապարակման համաձայն՝ «Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սկսել է տարածաշրջանային շրջագայությունը Հարավային Կովկասում, որը ներառել է այցելություններն Ադրբեջան եւ Հայաստան։ Այդ այցելությունները սկսվել են 44-օրյա պատերազմում (որի հետեւանքով Ադրբեջանը հետ բերեց Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից վերահսկվող մեծ տարածք) միմյանց հետ բախված երկու երկրների միջեւ սահմանային լարվածության մասին տեղեկությունների ֆոնին։
Մայիսի կեսին Ադրբեջանը մտավ Հայաստանի հարավային տարածքներ՝ անօրինական ձեւով հատելով սահմանը, բայց եւ հերքելով այդ փաստը։ Ադրբեջանը հայտարարում է, որ զորքերը տեղակայել է այն շրջաններում, որոնք սահմանակից են Հայաստանին։
Այս իրավիճակը չէր կարող աննկատ մնալ ԻԻՀ-ում։ Այսպես, Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել կարգավորել սահմանային հակամարտությունը խաղաղ ճանապարհով։ Խաթիբզադեն նաեւ հայտարարել է, որ Իրանը «ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Խաթիբզադեն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է կայունության եւ հանգստության պահպանման անհրաժեշտությունը տարածաշրջանում եւ կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել հակամարտությունների հրահրումից եւ հարգել երկու երկրների սահմանները»։
Ավելի վաղ հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի՝ Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսում ներկայացուցչի տեղակալ Մոյթաբու Զոլնուրին զգուշացրել էր Իրան-Հայաստան սահմանների փոփոխության առիթով։ Նա հայտարարել էր, որ Թեհրանը հստակ հասկանալ է տվել, որ թույլ չի տա միջազգային սահմանների որեւէ փոփոխություն տարածաշրջանում։ «Եթե Հայաստանի տարածքի մի մասը զավթվի եւ մեր սահմանները փոփոխվեն, այսինքն՝ նոր հարեւան հայտնվի, ապա դա մեզ համար անընդունելի է։ Գոյություն ունեցող սահմանները պետք է լիովին պաշտպանված լինեն, այդ թվում Հայաստանի հետ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանը»,- ասել է Զոլնուրին։
Ադրբեջան եւ Հայաստան կատարած իր այցի ժամանակ Զարիֆը բարձրացրել է սահմանների հարցը։ Բաքվում բարձրաստիճան իրանցի դիվանագետը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է այնպիսի հարցեր, ինչպիսին են լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին եւ հաղորդակցային միջանցքները։ «Հիմա դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- ասել է Զարիֆը Ալիեւին։
Երեւանում նույնպես Զարիֆին ներկայացվել է տեղեկատվություն սահմանային լարվածության մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել Զարիֆին «տագնապալի օրերին» Հայաստան կատարած այցի համար։ Այվազյանը նշել է. «Անցել է երկու շաբաթ այն ժամանակվանից, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ՝ փորձելով սադրել նոր լարվածություն՝ հղի տարածաշրջանում նոր սպառնալիքներով»։
Նա նաեւ ասաց, որ Ադրբեջանը փորձում է ստեղծել «նոր աշխարհաքաղաքական իրողություններ» Բաքվի հանդեպ գլոբալ լռության ֆոնին։ «Անկասկած, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ այս ոտնձգությունը Ադրբեջանի կողմից անցած տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի, նրա ինքնորոշման իրավունքի եւ կյանքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաեւ Ադրբեջանի գործողություններին անհամարժեք միջազգային եւ տարածաշրջանային արձագանքի ուղղակի հետեւանքն է։ Անպատժելիության զգացումից ոգեւորված՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել նոր աշխարհաքաղաքական իրողություններ, որոնք չեն բխում հանուն կայունության պայքարող երկրների շահերից։ Այս պայմաններում երկխոսությունը մեր տարածաշրջանային գործընկերների հետ ավելի քան կարեւոր է»,- նշել է Այվազյանը։
Ի պատասխան՝ Զարիֆը Կովկասն անվանել է «կենսականորեն կարեւոր տարածաշրջան»՝ հայտարարելով, որ նրա անվտանգության պաշտպանությունը Իրանի համար սեփական ազգային անվտանգության հարց է։ Անհանգստություն հայտնելով սահմանին լարվածության հետ կապված՝ Զարիֆն ասել է, որ Իրանը վերջին ամիսների ընթացքում ջանքեր է գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճերի խաղաղ կարգավորման համար։ Նա կոչ է արել երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հարգել միմյանց սահմանները եւ տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով։ Զարիֆը նաեւ ընդգծել է միջազգային սահմանների հարգման եւ երկրների տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաեւ սահմանների փոփոխությունից զերծ մնալու անհրաժեշտությունը։
Իրանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ «Մեր բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ ռազմավարական նշանակություն ունեն։ Իրանի հետ ընդհանուր սահմանը Հայաստանի անկախության առաջին տարիներից շատ բանով ապահովել է մեր երկրի անվտանգությունը։ Ինձ համար հաճելի է նշել, որ Իրանում գոյություն ունի մեր հարաբերությունների նման ընկալում»,- ասել է Փաշինյանը Զարիֆին»,- նշվում է հրապարակման մեջ։
![]()