Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը Ղարաբաղն Ադրբեջանին տալն էր․ Նիկոլ Փաշինյան


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին։

«Այն պատերազմը, որի միջոցով անցանք, այդ պատերազմից հնարավոր չէր խուսափել։ Եվ էականը ոչ թե պատերազմն է, այլ էականը պատերազմի արդյունքում առաջացած փլուզումներն են։

Դա մի երկրաշարժ էր, որը շատ բաներ փլուզեց, մեծ փլուզումներ տեղի ունեցան։ Բայց երբ երկրաշարժ է լինում ու շենք է փլվում, մեր ժողովրդի առաջին ռեակցիան դա է, ասում են՝ դե ցեմենտը կերել էին, արմատուրան լավ չէին դրել, շինարարությունը որակով չէին արել։

Այս դեպքում էլ մենք պիտի նույնն ասենք և կարող ենք ասել։ Հիմա ես չեմ ուզում, որ էլի տրամաբանությունը գնա նրան, որ ասեն՝ նորից նախկինների՞ն եք մեղադրում։ Ոչ թե նախկիններին ենք մեղադրում, այլ նախկիններն են մեզ մեղադրում։ Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր որն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ եթե հայտարարություն է արվում, խոսքը պետք է ասվի մինչև վերջ։

«Այն քաղաքական ուժը, որն ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ էսօր մեղադրում է դավաճանության մեջ։ Երբ որ Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիր ստորագրողներին կհամարեք դավաճան, էն ժամանակ իրավունք կունենանք ընդհանրապես այդ բանի մասին խոսելու իրավունք կունենանք»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ