![]()
Վաղ առավոտից հանրությունը ցնցված է ադրբեջանական զինուժի կողմից 6 հայ զինծառայողներին գերևարելու լուրից: Դրան զուգահեռ մարդիկ ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր մեկնաբանություններ, քննարկումներ են անում վաղը՝ մայիսի 28-ին, Երևանում սպասվող միջոցառումների վերաբերյալ: Օգտատերերը տարբեր կարծիքներ են հայտնում՝ ինչպես է այս իրավիճակում որևէ միջոցառում կազմակերպվելու:
«Ինչ սրտով համերգ անենք, որ մեր տղաները հակառակորդի մոտ են», «…մենք դեռ համերգի ենք պատրաստվում». նման կարծիքներ են հայտնում ֆեսբուքյան տարբեր օգտատերերը: Նրանցից մեկը Հանրապետության հրապարակում կառուցվող բեմի լուսանկարներն էր տարածել, նշելով՝ ինչպես է հնարավոր մտածել վաղը կայանալիք որևէ միջոցառման մասին:
Մեր այցելության պահին էլ Հանրապետության հրապարակում ընթանում էին բեմի կառուցման աշխատանքներ: Աշխատակիցները մեզ հետ զրույցում միայն ասացին միայն, որ բեմը կառուցվում է ոչ թե մայիսի 28-ի համար, այլ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ սպասվող միջոցառումների համար:
Երևանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել նաև, թե վաղը Երևանում որևէ միջոցառում նախատեսված է, թե ոչ: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց՝ քաղաքապետարանի կողմից մայիսի 28-ին որևէ միջոցառում նախատեսված չէ, իսկ քաղաքապետարանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 1-ին Ազատության հրապարակում կհնչեն Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցադրված արտասահմանյան և հայկական մուլտֆիլմերի երաժշտական համարները:
Հանրապետության հրապարակում կառուցվող բեմի կողքով անցնող քաղաքացիներն էլ մեզ հետ զրույցում նկատում էին՝ պատերազմից հետո համերգային տրամադրություն երբեք չի առաջանում, բայց մանուկները պետք է ուրախ ապրեն:
«18-20 տարեկան տղաների մեծ մասին կորցրինք, հիմա պետք է մտածենք նաև մեծացող սերնդի մասին»,- ասաց անցնորդներից մեկը:
«Մեր գալիք սերունդը չպետք է տխուր ու ընկճված ապրի»,- նկատեց մեկ այլ անցորդ:
«Էս փոքր երեխեքը դեռ ոչինչ չեն հասկանում, ճիշտ է սգի մեջ ենք, այսօր էլ՝ 6 զինծառայողների լուրը, բայց մեր երեխեքը պետք է ուրախ մեծանան, խաղաղ ու անհոգ երկրում»,- ասաց մեկ ուրիշը:
Հիշեցնենք՝ մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:
![]()