![]()
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2012 թվականից հետո այսպիսի մեծ թիվ կուսակցությունների ու դաշինքների՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած չի եղել:
«Մասնակցել ցանկացողների մեծ թիվը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է: Բավական է հիշել, որ յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է քվեաթերթիկ, և տվյալ պահին մենք ունենալով որոշակի քանակով գրանցված կուսակցություններ, ապա յուրաքանչյուր այդ կուսակցության համար տպագրվելու է քվեաթերթիկ: Սրա համար էլ հիմք է ընդունվում ընտրողների թիվը բազմապատկած կուսակցությունների թվով: 26 կուսակցության պարագայում սա ահռելի ծավալ է: Պետք է հասցնել տպագրությունն իրականացնել»:
Տիգրան Մուկուչյանն ընդգծեց՝ կուսակցությունների ու դաշինքների առաջադրման ժամկետն ավարտվել է.
«Երեկ առաջադրվել էին 27 քաղաքական ուժեր՝ 4 դաշինք և 23 կուսակցություն: Ունցել ենք դիմում, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության կողմից հայտը հետ վերցնելու: Կուսակցությունների և դաշինքների թիվն ավելանալ չի կարող, նվազման առումով չեմ կարող ասել, կա երկու տարբերակ: 1՝ եթե որևէ կուսակցություն դիմում գրի հայտը հետ վերցնելու, և տարբերակ 2՝ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում որոշում կայացվի այս կամ այն կուսակցության/դաշինքի գրանցումը մերժելու վերաբերյալ: Մայիսի 30-ը վերջնաժամկետն է, այդ օրը տեղի կունենա նիստ, որի ժամանակ կընդունվի որոշում կուսակցությունների գրանցման մասին»:
Հարցին՝ իշխանության վերնախավի հետ քննարկում եղե՞լ է ընտրությունների հետաձգման վերաբերյալ, նկատի ունենալով սահմանում լարված իրավիճակը, Մուկուչյանն ասաց, որ ինքը ոչ մի քննարկման չի եղել.
«Ես նման խնդիր որևէ մեկի հետ չեմ քննարկել: Կան ընտրական գործընթացներ, որոնք սահմանված են ԸՕ-ում հստակ որոշակի ժամկետներում իրականացնելու առումով: Ցանկացած գործառույթ, եթե չի իրականացվում տվյալ օրը, վաղը կարող է լինել նույն գործառույթի համար»:
Խոսելով ընտրությունների անցկացման համար նախատեսված ծախսերից, ԿԸՀ նախագահը նշեց, որ, երբ պլանավորվում էին ծախսերը, իրենց մտքով չէր անցնում, որ այսքան առաջադրված կուսակցություններ կամ դաշինքներ կլինեն:
![]()